Ինչո՞ւ է ֆրենչայզինգ ձևաչափը համարվում ավելի ցածր ռիսկային. Իննեսա Ամիրբեկյան

Այսօր տեղի ունեցած համաժողովում նոր գործ սկսելու հեռանկար փնտրող հայ գործարարներին ներկայացվեց ֆրենչայզինգային հնարավորությունները: Համաժողովին մասնակցում էին 50-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ ու ձեռներեցներ:

Համաժողովի կազմակերպիչ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներդրումը ոչ միայն կապիտալի ներհոսք է, կամ ներդրում ձեռնարկության մեջ, այլ ըստ նրա՝ առաջին հերթին տեխնոլոգիաների, բիզնես գործիքների, մարդկանց ծառայություններ մատուցելու պրոդուկտների ներմուծում է.

«Եթե այդ տեսակետից ենք նայում, ֆրենչայզինգային գործարքներն այն հնարավորությունն են, երբ ֆրենչայզերը ներդրում է կատարում առաջին հերթին հենց տեխնոլոգիաների, բիզնես գործիքների մեջ, իսկ կապիտալ չի ներդնում, դա ներդնում է ֆրենչայզինգ պայմանագրի մյուս կողմը: Ռիսկը նվազում է, իսկ տեխնոլոգիաները տեղափոխվում են բիզնես ոլորտ: Սա հանարավորություն է՝ ներմուծել այն բոլոր բիզնես տենդենցները, որ կան համաշխարհային շուկայում: Մենք ունենք բավական մեծ քանակով ֆրենչայզինգային գործարքներ: Ֆրենչայզինգի համար Հայաստանի բիզնես միջավայրն այսօր բավական բարենպաստ է»:

Տ. Ջրբաշյանը նկատեց՝ այն մարդը, ով իրականացնելու է ֆրենչայզինգային գործարք, պետք է շատ զգույշ լինի, և վերլուծի, որովհետև այնպես չէ, որ այն բիզնեսը, որ աշխատելու է օրինակ Միացյալ նահանգներում, կաշխատի Հայաստանում. «Նման գործարքների գնալուց առաջ պետք է խորը ուսումնասիրել , հասկանալ՝ ի՞նչ ես անում, արդյո՞ք տվյալ բրենդի համար ավելի ձեռնտու ոլորտ է»:

Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չնայած հայաստանյան բանկերը դեռ չունեն ֆրանչայզինգի ֆինանսավորման համար հատուկ ծրագրեր, համալիր մոտեցում ֆրենչայզինգային բիզնեսով զբաղվող հաճախորդների սպասարկման համար, Կոնվերս Բանկը կարող է առաջարկել հատուկ լուծումներ այն գործարարներին, որոնք մտադրված են սկսել կամ ընդլայնել իրենց բիզնեսը ֆրանչայզինգի միջոցով. «Քանի որ ֆրենչայզինգային բիզնեսը մեծ մասամբ կապված է ներմուծման, երբեմն նաև արտահանման հետ, մենք առաջարկում են առևտրի ֆինանսավորման գործիքներ, որոնք ավելի բարենպաստ են, քան դասական վարկավորումը»:

Լրագրողների հետ զրույցում Իննեսա Ամիրբեկյանը բացատրեց, թե բանկերի տեսանկյունից ինչո՞ւ է ֆրենչայզինգը համարվում ավելի ցածր ռիսկային. «Արտասահմանյան բանկերից շատերը ֆրենչայզինգային բիզնեսների ֆինանսավորման համար ունեն հատուկ ծրագրեր, նաև ունեն հատուկ բաժիններ, որոնք զբաղվում են ֆրենչայզինգի ֆինանսավորմամբ: Այդ բաժինները ֆրենչայզինգային կազմակերպությունների վերլուծություններ են կատարում և խորհրդատվություն մատուցում իրենց հաճախորդներին: Վերլուծությունների հիման վրա բանկերը կարող են եզրակացություններ անել այն շահույթի մասին, որը կստանա վարկառուն/ֆրենչայզին, ինչը թույլ է տալիս հաշվարկել վերջինիս վճարունակությունը և վարկը մարելու հնարավորությունը: Հիմնականում բանկերը գործարար-ֆրենչայզիներին տրամադրվող վարկերը գնահատում են, որպես ցածր ռիսկային, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ֆրենչայզինգով զբաղվող ընկերություններն ավելի հաճախ են հասնում հաջողության, սկսնակ բիզնեսների համեմատ՝ ավելի քիչ են կործանվում: Սակայն Հայաստանում ֆրենչայզինգը, որպես երևույթ, դեռ նոր է զարգանում և տնտեսության այդ ոլորտի ներդրումը և ընդլայնումը այժմ նոր է աճ արձանագրում: Լրամշակման կարիք ունի նաև օրենսդրական դաշտը»:

Տեսանյութեր

Լրահոս