Սպիտակ տունը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Սիրիայում ռազմական օպերացիաները
ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայի հարցով ձեռնամուխ լինել Մոսկվայի հետ սահմանափակ բանակցությունների: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան բաց է Սիրիայում օպերացիաների ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մասին «տակտիկական-գործնական քննարկումների» համար:
Սպիտակ տան հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ միջազգային մամուլը սկսեց գրել այն մասին, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկում զորք ու ծանր զինատեսակներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բազմաթիվ արևմտյան քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ Ռուսաստանի մատակարարած զենքն օգտագործվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանության ղեկին պահելու նպատակով, թեև Մոսկվան հայտարարում է, որ մատակարարումներն իրականացվում են գործող պայմանավորվածությունների շրջանակում ու հարկավոր են Դամասկոսին ջիհադիստների դեմ պայքարելու համար:
«Դժվար է հասկանալ, թե որն է գլխավոր առաջնայնությունը այդ հարցում»,- ասել է Ջոշ Էռնեստը Սպիտակ տան ճեպազրույցում: