Գործող համակարգը ավելի մեծ հնարավորություն է տալիս իշխանության գերկենտրոնացման համար. Վարդան Պողոսյան
«Սահմանադրական հանձնաժողովի անդամները որևէ վարձատրություն չեն ստացել: Սահմանադրական հանձնաժողովը նախագահին կից խորհրդատվական մարմին է, աշխատել և աշխատում է հասարակական հիմունքներով, որևէ վարձատրություն չի ստացել և պետբյուջեից սահմանադրական հանձնաժողովի համար թեկուզ մեկ լումա չի ծախսվել, Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումների և մյուս այցերը դոնոր կազմակերպությունների տրամադրած միջոցներով են կատարվել»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին:
Նա նշեց, որ հանրաքվեից հետո ինքը որևէ վարձատրություն չի ակնկալում, գործում է իր խղճի համաձայն. «Այն նախագիծը, որ ներկայացված է ՀՀ նախագահի կողմից, նաև իմ սահմանադրական համոզմունքների արգասիքն է և, եթե այդպիսին չլիներ, բնականաբար, ես չէի համաձայնի նաև լինել ՀՀ նախագահի ներկայացուցիչը այս հարցում»:
Ըստ նրա՝ նախագծով բովանդակային առումով շատ մեծ փոփոխություններ են առաջարկվում, բայց խոսքը չի գնում անպայման նոր Սահմանադրության մասին:
Ա.Մանուկյանի հարցին, թե տեսականորեն կա՞ հնարավորություն, որ փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը լինում է երկրի թիվ մեկ ղեկավարը, Վ.Պողոսյանը պատասխանեց, որ տեսականորեն չի կարող պատասխանել, թե Սերժ Սարգսյանը ինչ պաշտոն կարող է զբաղեցնել, որովհետև Սահմանադրության նախագիծը չի գրվում մի անձի համար:
Սակայն, կասկածները փարատելու համար Պողոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը իրենց հետ հանդիպման ժամանակ բացառել է վարչապետի և նախագահի դերում իր պաշտոնավումը հանրաքվեից հետո, նաև բացառել է ԱԺ նախագահ ընտրվելու իր հնարավորությունը:
Վ.Պողոսյանը գործնականում չբացառեց, որ ՌԴ-ում կատարվածը կրկնվի, որտեղ վարչապետի պաշտոնը ավելի թույլ է, քան նախագահի, բայց նման հնարավորություն կար, և երրորդ անգամ նախագահ ընտրվելու արգելքը վերաբերում է միայն անընդմեջությանը. «Այս հարցադրումները առաջին հերթին քաղաքական են, և եթե նայում ենք վերարտադրման թեզին բովանդակային առումով, ապա պետք է մեզ հաշիվ տանք, որ գործող համակարգը ավելի մեծ հնարավորություն է տալիս իշխանության գերկենտրոնացման և ընտրական գործընթացների վրա ոչ սահմանադրական մեխանիզմներով ազդելու համար, քան սահմանադրական փոփոխությունների նախագծով: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը բացառում է քաղաքական մեծամասնության գոյությունը գործնականում, իսկ նախկինում արհեստական առավելություններ է ունեցել իշխողող քաղաքական ուժը»: