«Հայկական վերածնունդը» գրանցվելու է որպես կուսակցություն. «Հայկական ժամանակ»

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այն խոսակցությունները, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորի անդամ հ/կ-ներն ու կուսակցությունները իրականում գոյության չունեն, քաղաքական նախանձի եւ բամբասանքի հետեւանք են։

– Տիկին Բիշարյան, նախօրեին Գյումրիում հայտարարություն է հնչել, որ ՕԵԿ-ը ոչ թե իր անունով է մասնակցելու 2017-ի ԱԺ ընտրություններին, այլ «Հայկական վերածնունդի», այսինքն, ՕԵԿ-ը լուծարվո՞ւմ է:

– Դեռեւս նման մոտեցման մասին վաղ է խոսելը, ՕԵԿ-ը չի լուծարվելու, մնալու է որպես կուսակցություն, բայց մենք դեռ չենք քննարկել, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցենք առաջիկա ընտրություններին։ Այն, որ «Հայկական վերածնունդը» պետք է քաղաքական միավոր դառնա, միանշանակ է, իսկ ընտրությունների մասնակցության ձեւաչափը դեռ քննարկման առարկա է «Հայկական վերածնունդում»։

– Այսինքն, «Հայկական վերածնունդը» գրանցվելու է որպես կուսակցություն։

– Այո, բայց ավելին մեկնաբանել այս պահին տեղին չեմ համարում։

– Նոր կուսակցության բացումը նշանակում է, որ այդ միավորի մեջ ընդգրկված ուժերը պետք է լուծարվե՞ն։

– Թե ապագա ձեւաչափի հետ կապված ինչ կորոշեն «Հայկական վերածնունդի» հասարակական, քաղաքական կառույցները, ինչպիսի ձեւաչափով կմասնակցեն ընտրություններին, դեռ չի քննարկվել։ Կքննարկենք, բոլորին կիրազեկենք։

– Բայց այն կուսակցություններն ու հ/կ-ները, որոնք միավորվել են ՀՎ-ում, իրականում գոյություն չունեն՝ մի մասը մարդ-կուսակցություններ են, մի մասը հայտարարություն է տվել լուծարվելու մասին, մի մասը զրոյական հաշվետվություններ են ներկայացրել։ Այդ մասին խոսվում է, այդ մասին նաեւ գրվել է:

– Այն միավորումներից, որոնք համագործակցության համաձայնագիր են ստորագրել, չկա այդպիսի մի կուսակցություն, որը լուծարման կամ զրոյական մակարդակի լինի, նրանք կայացած միավորներ են, թե այդ կուսակցություններում որքան մարդ կա, ես այս պահին չեմ կարող ասել։ Դա ավելի շատ քաղաքական նախանձի եւ բամբասանքի մակարդակի է, որովհետեւ բոլոր կուսակցությունների հետ մեր համագործակցությունը հրապարակավ է եղել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս