Բաժիններ՝

Մանկապղծության մեջ մեղադրվող Հռոմի պապի նվիրակը մահացել է մինչ իր նկատմամբ դատն սկսվելը

Դոմինիկյան Հանրապետությունում Վատիկանի դեսպան Ջոզեֆ Վեսոլովսկին, ով մեղադրվում էր երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ ու զրկվել էր իր կոչումից, այս գիշեր մահացել է մինչ իր գործով դատական լսումներն սկսվելը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

67-ամյա Վեսոլովսկին առողջական խնդիրներ ուներ, որոնց պատճառով էլ նրա նկատմամբ դատը հետաձգվել էր:

Լեհ արքեպիսկոպոս Ջոզեֆ Վեսոլովսկին մեղադրվում էր Դոմինիկյան Հանրապետությունում 2008-2013թթ. երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություններ կատարելու մեջ: Ներկայում նա տնային կալանքի տակ էր գտնվում Վատիկանում: Նա Դոմինիկյան Հանրապետությունում էր ծառայում ավելի քան 5 տարի:
Եթե 67-ամյա հոգևորականին մեղավոր ճանաչեին, ապա նրան կսպառնար մինչև 10 տարվա ազատազրկում:

Հռոմի պապն ակտիվորեն կոչ է անում կաթոլիկ եկեղեցուն դիմել վճռական քայլերի՝ արմատախիլ անելու հոգևորականների շրջանում մանկապղծության դեպքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս