Բաժիններ՝

Կառավարությունն ու Համաշխարհային բանկը՝ ընդդեմ «Նաիրիտի»

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն օրերս հրապարակել է մի փաստաթուղթ, որ կոչել է նույնությամբ, ինչպես Համաշխարհային բանկի պատվերով իրականացված աուդիտի եզրակացությունն էր՝ «Նաիրիտ գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատումը»: Եվ այս փաստաթուղթը նախարարությունը ներկայացնում է որպես «սեփական դիրքորոշում»: Սակայն այն իրականում ՀԲ-ի՝ 261 էջանոց եզրակացության սեղմագիրն է միայն. մի պարզ հայացքը բավարար է, որպեզի պարզ լինի, որ նախարարության 26 էջանոց «դիրքորոշումը» ՀԲ աուդիտի մասնակի copy-paste տարբերակն է: Կամ կարելի է անվանել նաև ծույլ աշակերտի աշխատանք, որ գերազանցիկի տետրից որոշ կրճատումներով արտագրում է՝ հույս ունենալով, որ ուսուցիչը չի նկատի նույնությունը:

Նկատենք, որ նախարարությունը նախապես չէր հայտարարել, որ սեփական ուսումնասիրությունն է իրականացնում «Նաիրիտում»: Փոխարենը «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն է հայտարարել, որ այժմ գործարանի մասնագետների ուժերով մշակում են իրենց ծրագիրը, որը պատրաստ կլինի միայն սեպտեմբերի վերջին: Թե ինչո՞ւ հանկարծ նախարարությունում որոշեցին մեկ քայլ առաջ անել և «սեփական» բացասական դիրքորոշումը հրապարակել, թերևս, պարզ է: Վերջին շրջանում կառավարության ներկայացուցիչները, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, թեկուզև ՀԲ եզրակացությունը մեջբերելով, ամեն առիթի դեպքում նշում են՝ ««Նաիրիտ» գործարանի վերագործարկումն անիմաստ է», ու միաժամանակ հավելում, թե «ամեն դեպքում եթե ներդրող լինի…»: Անգամ մասնավոր զրույցներում պաշտոնյաները պնդում են, թե իրենք անձամբ շահագրգիռ են, որ գործարանն աշխատի, բայց հետո թվարկում են մի շարք հանգամանքներ, որոնք խոչընդոտում են քիմիական հսկայի վերակենդանացմանը: Այսինքն՝ բոլոր հնարավոր ուժերով հող է նախապատրաստում գործարանի լուծարման համար: Այժմ էլ ստացվում է, որ նախարարությունը դիտավորյալ փորձում է կողմնորոշել գործարանի մասնագետների աշխատանքը և անուղղակի ձևովով հորդորում՝ «զուր ջանքեր մի գործադրեք»:

Նաիրիտցիների պայքարի օգտակարության մասին նման մի գնահատական ուղիղ ձևով տվեց հենց նախարար Երվանդ Զախարյանը՝ հայտարարելով, թե նրանց պայքարը հանուն «Նաիրիտի» վերագործարկման իրենց ոչնչով չի օգնում: Սա ճիշտ կարող է լինել միայն մի դեպքում՝ երբ կա նպատակների հակադրում: Իսկ դա ակնհայտ է: Օրինակ՝ նախարարության հրապարակած փաստաթղթի «Ամփոփում» բաժնում նշվում է. ««Նաիրիտում» ՊՔԿ-ի արտադրությունը ֆինանսապես կենսունակ չէ և′ բութադիենի, և′ ացետիլենի վրա հիմնված արտադրական պրոցեսների պարագայում: Ներդրումներից հատույցը բացասական է բոլոր արտադրական սցենարների և տեխնոլոգիաների դեպքում: ՊՔԿ արտադրության ծախսերի գնահատականը տարբեր գործընթացների և տեխնոլոգիաների համար (և′ բութադիենի, և′ ացետիլենի հիման վրա) ցույց է տալիս, որ նույնիսկ բութադիենի վրա հիմնված ամենացածր ինքնարժեքով գործընթացի պարագայում «Նաիրիտը» կունենա արտադրության ամենաբարձր ինքնարժեքներից մեկը: Բութադիենի ինքնարժեքը բարձր է տրանսպորտային մեծ ծախսերի պատճառով, որոնք կազմում են այն գործարան հասցնելու արժեքի 20%-ը: Ացետիլենի վրա հիմնված արտադրությունը թանկ է դրա էներգատարության և Հայաստանում էներգիայի բարձր արժեքի պատճառով: «Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել եվրոպական, ասիական և այլ շուկաներում արտադրության բարձր ինքնարժեքի և շուկաներից հեռավորության պատճառով: Նաիրիտի արտադրանքի ոչ մրցունակ լինելու պատճառների թվում են հետևյալ գործոնները.
• Արտադրանքը դեպի գլխավոր շուկաներ հասցնելու հետ կապված տրանսպորտային ծախսը արտադրանքի մեկ տոննայի հաշվով կազմում է մոտ 150 ԱՄՆ դոլար կամ վերջնական արտադրանքի գնի 5%-ը, մինչդեռ մյուս գլխավոր արտահանողների համար արտահանման ծախսերն ավելի ցածր են.
• Գործարանը վերագործարկելու համար պահանջվող 210-346 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ծախսերը վերականգնելու անհրաժեշտության պատճառով, մինչդեռ խոշոր արտահանողներն արդեն վերականգնել են կապիտալ ծախսերը.
• Չինաստանը՝ այսօր և ապագայում աշխարհի ամենամեծ շուկաներից մեկը, ներքին շուկան պաշտպանելուն նպատակով վարում է հովանավորչական քաղաքականություն:
Տեխնիկական և ֆինանսական նկատառումներից բխում է, որ կառավարությունը պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը»:

Կարդացեք նաև

Որպես ներդրում կրկնելով միայն ՀԲ հայտարարած 300 միլիոն և ավելի դոլարի անհրաժեշտության մասին, փաստաթղթի վերջում «ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐ» բաժնում առանց այլևայլության գրված է՝ «Տեխնիկական և ֆինանսական նկատառումներից ելնելով, մասնավոր հատվածի կողմից ձեռնարկությունը գործարկելու համար ներդրումների բացակայության դեպքում, հետագա կուտակվող վնասներից խուսափելու համար, պետք է դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը: Գործարանի լուծարման ծրագիրը պետք է ներառի հետևյալ հիմնական քայլերը.

• Իրականացնել գույքագրում և գնահատել ակտիվների շուկայական արժեքը.
• Կրեդիտորների հետ բանակցությունների ճանապարհով լուծել այն պարտքերի հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի մարել ակտիվների վաճառքի միջոցով.
• Մշակել և իրականացնել սոցիալական ազդեցության մեղմման ծրագիր.
• Իրականացնել գործարանի մանրամասն բնապահպանական գնահատում.
• Իրականացնել լուծարման ծրագիր, ներառյալ` բնապահպանական մաքրում»:

Մինչդեռ նախարարությունը լիակատար մոռացության է մատնել գործարանի մասնագետների մշակած վերագործարկման ծրագիրը և ոչ մի բառով չի հիշատակում այն: Այդ ծրագիրը, հիշեցնենք, «Նաիրիտի» արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը դեռ այս տարվա մայիսին ներկայացրել էր Հանրային խորհրդում, և դրանով գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ է ոչ թե 300մլն դոլար, ինչպես հաշվարկել է Համաշխարհային բանկը, այլ հնարավոր է «Նաիրիտ»-ը շահագործել ընդամենը 55-65 մլն դոլարով՝ ապահովելով 17 մլն դոլարի եկամուտ:

Հետաքրքրական է, որ իր աշխատակիցների մշակած ծրագրի մասին «մոռացել» է նաև գործարանի գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը: 168.am-ի հետ զրույցում Ռ.Սաղաթելյանը հայտարարեց, թե նման ծրագիր չի տեսել, իսկ որևէ թիվ հայտարարելուց առաջ հարկավոր են հաշվարկներ. «50 մլն, 60 մլն կամ 240 մլն դա օդի մեջ ասելու բան չի, եթե որևէ մեկն ունի նման հաշվարկ, թող ներկայացնի: Մի ժամանակ էլ ասում էին 20 մլն, հետո դառավ 60 մլն, վաղն էլ կարող է դառնալ 80 մլն: Պետք է հիմնավորել, չէ՞: Գործարանի մասնագետները հաշվարկով չեն ասել 60 մլն, այդ հաշվարկները գործարանը նոր անում է, ծրագիրը մշակում է: Որտե՞ղ է էդ հաշվարկը, ո՞վ է տիրապետում էդ հաշվարկին, թող բերեն քննարկենք: Չկա այդպիսի ծրագիր: Ծրագիրը նոր ա սարքվում, ու թե ինչքան ներդրում անհրաժեշտ կլինի, դա պարզ կլինի ծրագիրը սարքելուց հետո: Կարծիք հայտնելով չի»:

Ռ.Սաղաթելյանը նաև վստահեցրեց, թե այժմ գործարանի վերագործարկման ծրագիրը մշակող խումբը ՀԲ աուդիտի եզրակացության վրա չի հենվում, անկախ է աշխատում և փորձելու են մինչև սեպտեմբեր ԱԺ-ում «Նաիրիտի» շուրջ քննարկումների սկիզբը ավարտել եզրակացությունը:

Թե ո՞րն է Ռ.Սաղաթելյանի «հիշողության կորստի պատճառը», հայտնի չէ: Սակայն փաստ է, որ անձամբ Սաղաթելյանը գործարանի մասնագետների մշակած փաթեթը մոտ 5 ամիս առաջ «Նաիրիտի» արտադրության պետերի, նաև գործարանի արտաքին կապերի վարչության պետ Յուրի Նշանյանի հետ բերել էր Ազգային ժողովի «Նաիրիտի» հարցերով ենթահանձնաժողով: Գործարանի ղեկավարությունն այդ ժամանակ խստացավ ծրագիրն ուղարկել ԱԺ հանձնաժողովին, բայց հետագայում՝ խորհրդարանականների բազմաթիվ պահանջներին ի պատասխան հայտարարեց, թե ծրագիրն ուղարկել են կառավարություն, որն էլ պետք է ուղարկի ԱԺ:

Եվ հիմա հանկարծ անհրաժեշտություն է առաջացել նոր ծրագիր կազմելու: Ամենայն հավանականությամբ, եթե դրական արդյունքներ խոստացող «հին» ծրագիրը դեն են նետել, ուրեմն «նոր»-ից կարելի է միայն մի բան սպասել՝ բացասական գնահատական՝ համահունչ ՀԲ եզրակացությանը: Ի՞նչ նպատակ են հետապնդում գործարանի ղեկավարությունն ու ՀՀ կառավարությունը: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Ո՛չ հանուն «Նաիրիտի» վերագործարկման, այլ միահամուռ ուժերով փորձելու են գործարանը լուծարել: Ընդ որում, նաիրիտցիների աշխատավարձերի բեռն իր վրա վերցնելով, կառավարությունը, թերևս, հույս ուներ, թե նրանք կլռեն ու վերագործարկում չեն պահանջի: Սակայն այս անգամ էլ սխալվեց իր հաշվարկներում. նաիրիտցիները խոստանում են սեպտեմբերից նոր ուժով պայքարել գործարանը փրկելու համար:

Ի դեպ՝ Չինաստանում «Նաիրիտ Շանսի» գործարանի 0-ից կառուցման համար պահանջվել է 250 մլն դոլար: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ կառավարությունը չի հիշում այդ մասին ու անտեսում է Համաշխարհային բանկի շահագրգռվածությունը «Նաիրիտի» վերագործարկման հարցում՝ ՀԲ-ն համագործակցում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Գերմանիայի կաուչուկ արտադրող ընկերությունների հետ և, բնականաբար, գերադասում է շուկան զերծ պահել նոր մրցակցիներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս