Ե՞րբ Լեհաստանը կրկին կակտիվացնի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը
«Լեհաստանը չի փոխի իր քաղաքականությունն «Արևելյան գործընկերության» հանդեպ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի փորձագետ, լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը` անդրադառնալով հարցին, թե Լեհաստանում մայիսին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան «Արևելյան գործընկերություն» ծրագրի նկատմամբ Լեհաստանի մոտեցումների վրա: Հիշեցնենք, որ Լեհաստանն է կանգնած այս ծրագրի ստեղծման ակունքներում, իսկ մայիսի 24-ին Լեհաստանում անցկացված նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անջեյ Դուդան, ով, մի շարք եվրոպացի փորձագետների կարծիքով՝ միգուցե Լեհաստանը վերածի պրոռուսական Հունգարիայի և ԵՄ-ի համար ստեղծի այնպիսի խնդիրներ, ինչպես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Ըստ նույն այդ կարծիքների` չի բացառվում, որ Լեհաստանը սահմանային գիծ դառնա իմպերիալիստական Ռուսաստանի ազդեցության գոտու և Եվրոպայի միջև, ինչից կտուժի Լեհաստանի հասարակությունը:
Կոնրադ Զաշտովտը նշեց, որ իսկապես Անջեյ Դուդայի նկատմամբ վստահությունն այս հարցում բարձր չէ: Սակայն երկրում, նրա խոսքով՝ շարունակվում են քաղաքական գործընթացները, առջևում են խորհրդարանական ընտրությունները, որոնք այս հարցում ևս որոշիչ պետք է դառնան:
«Այնպես որ, այս պահին հստակ չեմ կարող ասել, որ կլինի փոփոխություն: Անձամբ չեմ կարծում, որ Դուդան պրոռուսական քաղաքականություն է վարելու և վերջ դնելու ԵՄ ծրագրերում Լեհաստանի ակտիվ մասնակցությանը, քանի որ Լեհաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է Լեհաստանի այդ քաղաքականությանը, ինչը փոխելու համար լուրջ համարձակություն է անհրաժեշտ, քանի որ նման քայլերով նորընտիր նախագահն իր դեմ դուրս կբերի Լեհաստանի ժողովրդին և քաղաքական ուժերին: Կարծում եմ, որ այս ամենը հաշվարկված է»,- ասաց Զաշտովտը:
Սակայն, վերջինիս կարծիքով, Լեհաստանն առաջիկայում զբաղված է լինելու իր ներքին քաղաքական խնդիրներով և չի կարողանալու կենտրոնանալ «Արևելյան գործընկերություն» ծրագրում առաջացած խնդիրները լուծելու և այդ ծրագրի շրջանակում առաջընթաց ապահովելու վրա: «Թեև առանց ուկրաինական ճգնաժամի կարգավորման՝ ծրագրի շրջանակում լուրջ առաջընթացներ չեն կարող գրանցվել, քանի որ ԱլԳ երկրները կարծես վեճի առարկա են դարձել, ու ցանկացած քայլը դիտվում է՝ որպես սադրիչ, իսկ Եվրոպան չի ցանկանում էլ ավելի լարված առճակատման գնալ Ռուսաստանի հետ»,- ասաց Զաշտովտը` շարունակելով, որ ԵՄ-ն կշարունակի դանդաղ կերպով իրականացնել Ռիգայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Սակայն, ըստ նրա, ԱլԳ-ում առաջիկայում լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ ՌԴ-ն իր հերթին՝ ևս կփորձի խոչընդոտել, օրինակ, Հայաստանի և Եվրոպական միության նոր համաձայնագրի շուրջ աշխատանքներ սկսելու պայմանավորվածության կայացմանը: