«Կասկած չկա, որ հակաիրանական գործողությունների «թատերաբեմը» փորձ է կատարվելու տեղափոխել ծայր հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգ». Վարդան Ոսկանյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Իրանի և «վեցյակի» միջև համաձայնության կապակցությամբ:
«Իրանի և «վեցյակի» միջև համաձայնությունը զգալի խնդիրներ է ստեղծել մերձավորարևելյան տարածաշրջանում հակաիրանական ուժերի համար, որոնք մի քանի ուղղություններով ձգտելու են «զսպել» իրանական ազդեցության ընդլայնումը՝ նաև փորձելով լարվածություն հրահրել հենց Իրանի ներսում:
Այս առումով Իրանի դեմ ուղղված գործունեության դաշտում մինչ այս էլ օգտագործվել են զանազան տեխնոլոգիաներ և դրանց կիրարկման գործիքակազմ՝ սկսած մարդու իրավունքների ասպարեզում շահարկումներից, վերջացրած նաև ահաբեկչական կառույցների ներգրավմամբ էթնիկական կամ դավանական խնդիրներին ուղղակի միջամտություններից:
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ծայրահեղական սուննիական իսլամի դրոշի ներքո հանդես եկող ահաբեկչական կառույցների բացահայտ թշնամական դիրքորոշումն Իրանի հանդեպ, կասկած չկա, որ այս երկրի ներսում հակաիրանական գործողությունների «թատերաբեմը» փորձ է կատարվելու հիմնականում տեղափոխել ծայր հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգ՝ տարածք, որտեղի իրալեզու բելուջ բնակչությունը հիմնականում սուննիադավան է և որը մինչ այս էլ թիրախավորվել է ակնհայտ ահաբեկչական բնույթ կրող այնպիսի ծայրահեղական կազմակերպությունների կողմից, ինչպիսին «Ջունդալլահն» («Ալլահի գունդը») էր և հետագայում սրա կազմալուծման արդյունքում ի հայտ եկած «Ջայշ ալ-Ադլը» («Արդարության բանակ») և «Անսար ալ-Ֆուրկանը» («Տարբերակման աջակիցներ»):
Պատահական չէ, որ հենց Վիեննայում համաձայնության կայացման օրը տեղեկատվություն տարածվեց իրանական անվտանգության ուժերի կողմից «Ջայշ ալ-Ադլի» ահաբեկիչների դեմ իրականացված հաջող գործողության մասին, որն, ի դեպ, իրանցիները բառախաղի միջոցով կոչում են «Ջայշ ալ-Զուլմ» («Անիրավության բանակ»):
Ընդ որում՝ դատելով նախկինում ԶԼՄ-ներ սպրդած տեղեկատվությունից, հակաիրանական ահաբեկչական այս կազմակերպություններն աջակցություն են ստանում ոչ միայն ջիհադական տարբեր խմբավորումներից, Սաուդյան Արաբիայից, Կատարից և Պակիստանից, այլ նաև գտնվում են Իսրայելի հատուկ ծառայությունների ուշադրության տիրույթում: