Ֆրանսիայի դեսպանը՝ հայաստանյան ցույցերի մասին. «Տպավորություն ունեմ, որ ցույցերը մեղմվել և հանդարտվել են»
Տարածաշրջանում Հայաստանը կարող է համարվել՝ որպես կայունացման բևեռ: Այս կարծիքին է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Լրագրողներից մեկը դեսպանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա գնահատում այն փաստը, որ Բաղրամյանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցող ցույցերի ժամանակ Հայաստանի ոստիկանությունը բավական ագրեսիվ էր և բռնի ուժ կիրառեց ցուցարարների և լրագրողների նկատմամբ:
Ի պատասխան լրագրողի հարցին՝ Ֆրանսիայի դեսպանն ասաց, որ ի սկզբանե իրենք շատ «մոտիկից, ուշի ուշով» հետևել են ընթացող իրադարձություններին, և ըստ նրա՝ հայաստանյան իրադարությունները բավականին լայն արձագանք են գտել արտասահմանյան մամուլում:
«Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները վերաբերում էին ներքին քաղաքական կյանքին, ես այստեղ մեկանաբանություններ չեմ կարող անել, ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահի: Տպավորություն ունեմ, որ ցույցերը մեղմվել և հանդարտվել են»,- նկատեց Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Ըստ նրա՝ նորմալ է, որ ժողովրդավարական երկրում բողոքող մարդիկ ելույթ ունենան, իրենց դժգոհությունը կարողանան հայտնել: Նրա խոսքով՝ մարդիկ պետք է ունենան իրենց կամքն արտահայտելու ազատություն, բայց մյուս կողմից, ըստ նրա, նաև նորմալ է, որ պետական իշխանությունները միջամտեն, որպեսզի ապահովեն հասարակական կարգը:
Հարցին՝ Ֆրանսիան որքանո՞վ է կարևորում ժողովրդավարական զարգացումները Հայաստանում, և ինչպիսի՞ն է գնահատականը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, դեսպանը պատասխանեց.
«Մեր կարծիքով՝ տարածաշրջանում Հայաստանը կարող է համարվել՝ որպես կայունացման բևեռ, մենք փաստել ենք, որ սա այն երկիրն է, որտեղ կանոնավոր տեղի են ունենում ընտրություններ, այս տեսանկյունից՝ Հայաստանում իրավիճակը մեզ միանգամայն բավարար է:
Մենք, ինչպես նաև ԵՄ-ն, բազմիցս առիթ ենք ունեցել դժվար պահերի առնչությամբ ուշադրություն հրավիրել: Ամեն դեպքում՝ մեր ընդհանուր գնահատականն այն է, որ Հայաստանի որդեգրած դիրքորոշումը ճիշտ ուղու վրա է, թեև, էլի եմ կրկնում՝ եղել են որոշ խնդիրներ, որոնք մենք մատնանշել ենք, և մեր դիրոքորոշումը հայտնել ենք, դա լինի արդարադատության համակարգը, կանանց նկատմամբ բռնությունները, որոշակի ազգային փոքրամասնությունների նկատմամբ ինչ-որ դրսևորումներ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: