«Ես համոզված եմ, որ եթե մենք անցնենք պառլամենտական հանրապետության, կվարկաբեկվի պառլամենտական հանրապետության իմաստը». Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անհանգստանում է, որ նախաձեռնված սահմանադրական բարեփոխումներով Հայաստանի իշխանությունները կվարկաբեկեն պառլամենտական հանրապետության իմաստը: Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Կա «պսեվդոպառլամենտական հանրապետություն» հասկացությունը, որի դեպքում իրականում էլի դատարանները կախված են լինում իշխանությունից, երբ այդ պառլամենտական կոչված հանապետությունը լինում է մեկ կուսակցության կամ խունտայի իշխանություն: Ես համոզված եմ, որ եթե մենք անցնենք պառլամենական հանրապետության, կվարկաբեկվի պառլամենտական հանրապետության իմաստը»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ շարունակելով.
«Այն իշխանությունը կամ իշխանական վերնախավը, որը որևէ զիջում, որևէ բան չի անում, որտեղ Սուրիկ Խաչատրյանի պես մարզպետը տարբեր հանցագործություններից հետո կարող է մնալ մարզպետ, որտեղ ֆեոդալական համակարգ է տիրում, որտեղ կան անպատժելիության մթնոլորտ, և այդ ամեն ինչը խրախուսվում է ամենավերևից, հանկարծ որոշեցին անցնել պառլամենտական համակարգի: Ոչ: Ես ասում եմ՝ սա շատ վտանգավոր միտում է լինելու և վարկաբեկվելու է պառլամենտական հանրապետության իմաստը»:
Նա նշեց, որ դեռ 90-ական թվականներին է կողմ եղել պառլամենտական հանրապետության անցնելուն: Նրա խոսքով՝ դա պետք է լինի ժողովրդի, ընդդիմադիր կուսակցությունների ցանկությամբ, ճնշմամբ՝ ինչպես եղել է եվրոպական երկրներում. «Որովհետև դեռևս այդպիսի դեպք չկա, որ որևէ իշխանություն իր ցանկությամբ իր լիազորությունները պակասեցնի»:
Ավետիք Իշխանյանը հիշեցրեց 1995 թվականը, որը նա համարում է Հայստանի նոր իշխանությունների համար առաջին ժողովրդավարության քննությունը: Ըստ նրա՝ այդ ժամանակ տեղի ունեցան պառլամենտական առաջին ընտրությունները, որի հետ զուգահեռ հանրաքվեի դրվեց Սահմանադրությունը: Ավետիք Իշխանյանն ասաց, որ այդ ընտրություններն անցան բռնության, վախի, սարսափի մթնոլորում, լցոնումներով, ինչի արդյունքում «բռնաբարվեց ժողովրդի կամքը»:
Ավետիք Իշխանյանը հիշեցեց, որ արդեն վարկաբեկված իշխանությունը մեծամասնություն շահեց, իսկ երկու ամիս գրանցված «Շամիրամ» կուսակցությունը գրավեց երկրորդ տեղը: Նույն կերպ, ըստ նրա, անցել է հանրաքվեն: Անկախ բովանդակությունից, Ավետիք Իշխանյանի խոսքով, այդ Սահմանադրությունը չէր կարող գործել:
«Ես ուղղակի մի օրինակ ասեմ Սահմանադրությունից, որտեղ գրված էր, որ դատարանների անկախության երաշխավորը հանրապետության նախագահն է: Արժե՞ շարունակել-ասել, թե ի՞նչ բնույթի Սահմանադրություն էր դա: Այդ Սահմանադրությունը միապեական Սահմանադրություն էր, որով որևէ իշխանության տարանջատում գոյություն չուներ, և այսօրվա մեր խնդիրների առնվազն 50 տոկոսից ավելին 1995թ. ընդունված Սահմանադրության արդյունքներն են»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ մինչև 95թ. Հայաստանի կուսակցություններն ավելի զարգացած էին և շատ ավելի գաղափարական էին, քան դրանից հետո և հիմա:
Մյուս բանախոսը՝ Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ Հովհաննես Գալստյանն ասաց, որ 90-ականներին կիսանախագահական մոդելի ընտրությունը Հայաստանի համար արդարացված էր: Նրա խոսքով՝ այս մոդելը փոխզիջումային տարբերակ է այն մարդկանց միջև, ովքեր կողմնակից են պառլամենտական մոդելին, և նրանց միջև, ովքեր կողմնակից են նախագահական մոդելին:
Բացի այդ 90-ականներին այս մոդելի տարածումը պայմանավորված էր նրանով, որ որոշ պետություններ ցանկանում էին աշխարհին ցույց տալ իրենց հավատարմությունը ժողովրդավարական գործընթացներին, այն առումով, որ երկու ընտրությունները՝ նախագահական և խորհրդարանական, ընկալվում էին որպես ժողովրդավարական ռեսուրս:
Նրա խոսքով՝ տպավորություն կա, որ կառավարման մոդելի փոփոխությունը կատարվում է միայն նրա համար, որպեսզի իշխանությունների վերարտադրությունը հեշտանա: Նա նաև կարծիք հայտնեց, որ քաղաքական այս իրավիճակում խորհրդարանական մոդելը լճացման է տանելու: