«Ոչինչ, ոչինչ, կնստեն, կխոսեն, կհասկանան, կդադարեցնեն». Վլադիմիր Գասպարյանը՝ ցուցարարների մասին
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ կարծես թե նախաձեռնող խումբը այնքան էլ ջերմ չի ընդունել նախագահի որոշումըմ, քանի որ այն որոշման կասեցում չէ, ասաց, որ դա ընկալման խնդիր է. «Ամեն ինչ քայլերով է արվում: Հայտարարության մեջ ուղղակի ասված է, քայլերով արվում է ամեն ինչ, մի քանի ամիս հետո մենք ավելի մեծ հաջողություն կունենանք»: Հարցին՝ արդյոք հիմա պետք է ազատե՞ն փողոցը, ոստիկանապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այսօր կուրախանան, նոր»:
Հարցին, թե կարծես թե չեն ազատելու փողոցը, ինչպիսի՞ն են լինելու ոստիկանության գործողությունները, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ պետության հետ չեն խոսում ժխտողականությամբ. «Քայլերը գնում են, և հայտարարության մեջ այնքան տարրական, այնքան պարզ է ասված, որ մեկնաբանելու…» Դիտարկմանը, որ ամեն դեպքում ցուցարարները չեն պատրասվում լքել փողոցը, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Ոչինչ, ոչինչ, կնստեն, կխոսեն, կհասկանան, կդադարեցնեն»:
Նա նշեց, որ իրենք հանդուրժողականությամբ են լցված: Հարցին՝ արդյոք կսպասե՞ն մինչև նրանք հեռանան, Վլադիմիր Գասպարյանը դրական պատասխան տվեց: Դիտարկմանը, որ հունիսի 23-ին ոստիկանությունը ուժ է կիրառել, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Մենք գիտենք՝ ինչ ենք կիրառում: Դուք չգիտեք դեռ՝ ինչ է ուժ կիրառելը, հոգիներս: Մենք ուժ այդ օրը չենք կիրառել»:
Հարցին՝ եթե ակտիվիստները մնան, հնարավո՞ր է ուժ կիրառվի, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ չեմ կարծում: