Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանների հանգստությունը
168.am-ի հետ զրույցում խոսելով արտասահմանյանը լրատվամիջոցների՝ Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի միջոցառումների արձագանքին, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Ուկրաինայում «հեղափոխության էքսպորտի սիրահարները մեզ ողջունելով տարածում են, որ Հայաստանում Մայդան է սկսվել, իսկ ռուսաստանյան պարանոյիդալ հիստերիկները նույնպես այդ նույն են ասում, բայց արդեն բացասական իմաստով»:
Նրա խոսքով՝ այն, որ հիմա ոստիկանները համեմատաբար հանգստություն են պահպանում, քաղաքական որոշում է, որը, ըստ նրա՝ կապված է եղել՝ սկսած նրանից, թե ինչ արձագանք է եղել արտասահմանում, նաև այն պատճաով, որ բռնություններից հետո իրավիճակն ավելի բորբոքվեց. «Այսինքն՝ հաջորդ օրը ցույցի եկան 3 անգամ ավելի շատ մարդ, որոնք վրդովված էին ոստիկանությունների գործողություններից»:
Հարցին՝ հաշվի առնելով դրսի լրատվամիջոցների արձագանքը՝ ըստ Ձեզ՝ ոստիկանները նորից նույն մեթոդներին կդիմեն, մեդիա փորձագետն այսպես պատասխանեց.
«Ինձ թվում է՝ ոստիկանությունը ինչ-որ հարցերում առաջին օրը ինքնաբուխ է գործել, առնվազն փոխոստիկանապետի վարվելակերպը լրագրողների հանդեպ, կարծում եմ, եղել է ոչ պլանավորված, որովհետև բացարձակ ոչ մի դիվիդենտներ չէր տալիս ոչ իշխանություններին, ոչ ոստիկանությանը: Հիմա ինձ թվում է՝ ոստիկանության գործողություններն ավելի քաղաքական որոշման հետ են կապված, այլ ոչ թե ինքնուրույն են: Այնպես որ՝ մենք չպետք է քննարկենք՝ ոստիկանությունն ինչ կանի, այլ ավելի շատ՝ իշխանությունն ինչ կանի»: