«Ցուցարարները երկու սխալ գործեցին՝ ստրատեգիական և մարտավարական». Արմեն Աշոտյան
«Կրկնակի հպարտություն եմ զգում նախ՝ իմ երկրի երիտասարդության համար, որոնց ճնշող մեծամասնությունն ազնիվ մղումներով, զգացումների ազնիվ տեսլականով քաղաքացիական պարտք են կատարում, նաև հպարտություն եմ զգում մեր երկրի Ոստիկանության համար, որոնք արհեստավարժ, եվրոպական ստանդարտներով գործողություններ են իրականացնում՝ ոչ միայն վերջին էտապում, որ բազմաթիվ կոչերից հետո ստիպված էին դիմել վերջին քայլին՝ հասարակական կարգի պահպանման համար, այլև ողջ գիշերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խորհուրդ տալով հույզերը մի կողմ դնել և առավոտվա միջադեպը վերլուծել:
Ըստ նրա՝ քաղաքացիական պարտքի և ծառայողական պարտականությունների բախումից խուսափելու համար բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն բացառապես օրենքով: Նա դրվատանքով խոսեց Ոստիկանության արհեստավարժության մասին: Իսկ ցուցարարները, Ա. Աշոտյանի դիտարկմամբ, 2 սխալ գործեցին` առաջինը ստրատեգիական էր, որ մերժեցին նախագահի առաջարկը.
«Դուք էլ, կարծում եմ, կվկայեք, որ Հայաստանի 25 տարվա պատմության մեջ երբևէ չի եղել, որ որևէ նախագահ ցույցի մասնակիցներին Բաղրամյան՝ նախագահի նստավայր հրավիրի: Սա քաղաքական մշակույթի տեսակետից, կարծում եմ, աննախադեպ էր, և դա կարող էր լավ նախադեպ լինել, եթե քաղաքացիները վստահեին նախագահին և երկխոսությունը քաղաքացիների և իր երկրի երիտասարդ քաղաքացիների միջև կայանար»:
Երկրորդ սխալը, Ա. Աշոտյանի կարծիքով, մարտավարական էր՝ չընդունել Ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ: Թե ինչպե՞ս կարելի է ոստիկանների կողմից կատարված բռնությունները քայլ առաջ որակել, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ «բռնությունները» որպես լրագրողական տերմին կիրառելիս՝ պետք է հստակ հղում տալ այն իրավական նորմերին, որով առաջնորդվում է ՀՀ ոստիկանությունը: Նա ցավ հայտնեց, որ տուժածներ եղան, հատկապես լրագրողների համար:
«Լրագրողների աշխատանքը ծանր աշխատանք է՝ լինել իրադարձությունների կենտրոնում և փորձել միջից տալ օպերատիվ լրահոս, միշտ չէ, ցավոք, որ անվտանգ գործողություն է: Ես կարծում եմ՝ ավելի մեծ համբերություն է պետք, և մաղթում եմ շուտափույթ առողջացում»,- ասաց նա:
Թե ո՞ր իրավական հիմքով ոստիկանները խաղաղ ցույցը բռնությամբ ցրեցին, Ա.Աշոտյանը հայտարարեց, թե ինքն իրավաբան չէ, և դրա պատասխանը Ոստիկանության պարզաբանումներում կգտնենք: