Հռոմի պապը մեղադրել է գերտերություններին Հայոց ցեղասպանության համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին Թուրին կատարած այցի ժամանակ քննադատել է մեծ տերություններին, որ վերջիններս ոչինչ չեն արել 20-րդ դարի կոտորածները կանխարգելելու ուղղությամբ, գրում է Time-ը:
«Գերտերությունները ոչինչ չեն արել, երբ հրեաները կոտորվում էին Աուշվիցում»,- ասել է Հռոմի պապը:
Նա մեղադրել է գերտերություններին, որ վերջիններս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին ու մյուսներին մահվան ճամբարներից փրկելու համար: Նա նաև դատապարտել է Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստալինի օրոք գործող գուլագները: «Որքան քրիստոնյաներ են սպանվել այդտեղ»,-նշել է Հռոմի պապը:
«Գերտերությունները ունեն երկաթուղիների լուսանկարներ, որտեղով գնացքները Աուշվից էին տանում սպանելու հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին: Ինչո՞ւ նրանք ռումբեր չգցեցին այդ երկաթուղիների վրա»,-հարց է բարձրացրել Հռոմի պապը:
Ֆրանցիսկոն ասել է, թե լավ է հասկանում երիտասարդներին, թե ինչու են նրանք դժվարանում հավատալ աշխարհին: Դատապարտելով 1930-1940-ականներին աշխարհի խաղացողների ցինիզմը՝ նա նկատել է, որ «գերտերությունները Եվրոպան տորթի պես կիսել են»:
Նա նաև հղում է կատարել Հայոց ցեղասպանությանը՝ «Հայաստանի մեծ ողբերգությանը»:
«Անցած դարում միլիոնավոր հայեր են մահացել: Բայց ուր էին այդ ժամանակ մեծ տերությունները: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»,-ասել է Հռոմի պապը:
Դիմելով երիտասարդներին՝ նա ասել է, որ այսօր աշխարհում «ամեն ինչ արվում է փողի համար»: