«Ալիևի մոտ կարող է մեծանալ ղարաբաղյան պատերազմը վերսկսելու գայթակղությունը». Սկակով

Հարցազրույց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովի հետ

– Բաքվում մեկնարկած Եվրոպական խաղերի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ ունեցավ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի նախագահների հետ, որից հետո գնահատականներ հնչեցին, թե Բաքվում Մոսկվա-Անկարա-Բաքու առանցք է ձևավորվում։ Ավելին, ոմանց կարծիքով` փաստը, որ Պուտինը Ռուսաստանի օրը մեկնել է Բաքու, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ՌԴ ռազմավարական գործընկերն է։ Ձեր կարծիքով` ի՞նչ տեղի ունեցավ Բաքվում, և արդյո՞ք դա կարելի է որակել` որպես տարածաշրջանային նոր առանցքի ձևավորման մեկնարկ։

– Իհարկե, իրատեսական չեն, ըստ իս, այդ գնահատականները։ Մենք շատ ենք լսել տարատեսակ առանցքների մասին։ Այնինչ Կովկասում կա ընդամենը երկու առանցք. առաջինը ձևավորել են Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, թեև այդ առանցքում Թուրքիան առաջատար դիրքեր է զբաղեցնում, Ադրբեջանը ևս փորձում է հավակնել առաջատարի դիրքերին, ինչը նույնիսկ նյարդայնացնում է Թուրքիային, քանի որ Ադրբեջանի հավակնությունները միշտ չէ, որ համապատասխանում են իր հնարավորություններին։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Վրաստանը երկրորդական խաղացող է այս առանցքում, քանի որ կախված է և՛ Թուրքիայից, և՛ Ադրբեջանից։ Երկրորդ առանցքը Մոսկվա-Երևան առանցքն է։

Մյուս բոլոր առանցքների մասին խոսակցությունները պարզապես երևակայություններ են։ Կարելի է հորինել Մոսկվա-Երևան-Թեհրան առանցք, ինչպես նաև` Անկարա-Թեհրան, այսինքն` ամեն ինչ, ինչ հնարավոր է, սակայն դա կլինի իրողությունից բացարձակապես հեռու։ Այսօր իրողությունը հետևյալն է. այն, որ Պուտինը եղավ Բաքվում, բնական է, քանի որ դա հիանալի առիթ էր և՛ Ալիևի, և՛ Էրդողանի հետ շփվելու։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Պուտինի ՀՀ կատարած այցից հետո հասկանալի է, որ թուրքական մամուլում և թուրքական պաշտոնատար անձանց շրջանում մի փոքր հիստերիա էր բարձրացել այս հարցով, բայց ես կարծում եմ, որ դա չի առնչվել առաջին դեմքերի հարաբերություններին։ Էրդողանն ու Պուտինը կարծես նույնիսկ հոգեկան մտերմություն ունեն, քանի որ նաև նման են միմյանց, ուստի կարծում եմ, որ այստեղ լուրջ խնդիրներ չկան։

Թուրքիան հասկանում է, որ Ռուսաստանն այդ օրը պետք է լիներ Հայաստանում, և այստեղ վեճեր չեն կարող լինել։ Ալիևի հետ շփումն այլ ձևաչափում է եղել, իմ կարծիքով։ Իրականում Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է, մենք ունենք լուրջ տնտեսական կապեր, ՌԴ-ում լուրջ ադրբեջանական սփյուռք կա, սփյուռքը կողմերի ձեռքում ազդեցության լծակ է։ ՌԴ-ի համար Կասպիական ավազանի բաժանման խնդիրը ևս չափազանց կարևոր է, կարևոր է Իրանի հետ հաղորդակցությունը հատկապես` ներկայումս, երբ Իրանը սկսում է ձերբազատվել պատժամիջոցներից։ Այսինքն` կար խոսելու թեմա։

Մյուս կարևոր թեման եղել է ամռանն ու ձմռանը ԼՂ հակամարտության գոտում լարվածության աննախադեպ աճը, Պուտինը խոսեց Ալիևի հետ այդ թեմայի շուրջ ևս։ Այսինքն` Ադրբեջանը չի համարձակվում նախաձեռնել լայնամասշտաբ պատերազմ, բայց ստուգում է, թե ինչպիսի արձագանք դա կունենա Հայաստանի, Ռուսաստանի և այլ աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ։

– Եթե Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները չեն տեղավորվում առանցքի գաղափարի շուրջ, ապա ինչպե՞ս եք գնահատում այդ հարաբերությունների մակարդակն այսօր, երբ Հայաստանն այլևս ԵՏՄ անդամ է, ինչը պետք է որ ամրապնդեր իր անվտանգության երաշխիքները, բայց կա նաև Ադրբեջանին ԵՏՄ կազմ ներգրավելու` ՌԴ-ի ցանկությունը, որը գայթակղում է ՌԴ-ին` գնալ ոչ հայամետ գործարքների Ադրբեջանի հետ։ Որոշ փորձագետներ, ինչպես, օրինակ, Սերգեյ Մարկովը, պնդում են, որ Ադրբեջանի ԵՏՄ անդամակցությունը ժամանակի հարց է, որի համար ՀՀ-ն պետք է վերադարձնի Լաչինի միջանցքը, և այլն։

– Ես նույնիսկ կարծում եմ, որ ԵՏՄ ապագան ևս ժամանակի հարց է, քանի որ այդ կառույցն այսօր ձևավորման փուլում է, և, թե ինչ կլինի հետագայում, մենք հստակորեն չգիտենք` կհաջողվի՞ արդյոք այդ կառույցը կայացնել։ Խնդիրն այն է, որ իրականում այդ միության գաղափարը լավն էր, սակայն կան մի շարք «բայց»-եր։ Առաջին «բայց»-ն այն էր, որ այդ միությունը ձևավորվեց ճգնաժամային փուլում, երկրորդն այն է, որ սկզբնական փուլում պետք էր ձևավորել այդ միության միջուկը` կայացնելով այն Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի հետ, հետո միայն` ընդլայնելով։

Հայաստանի հաշվին այդ միության ընդլայնումը պայմանավորված էր ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչով։ Հիմա ևս այդ միության ընդլայնման փորձերը շարունակվում են, Ղրղըզստանի անդամակցության հարցն է դրված, մի երկրի, որը տնտեսություն չունի։ Երբ միությունում խառնվում են տնտեսությունն ու քաղաքականությունը, այն կարող է բացասականորեն անդրադառնալ այդ միության ապագայի վրա։ Ես, բնականաբար, հույս ունեմ, որ բացասական սցենարների մենք չենք բախվի, ու ամեն ինչ լավ կլինի, ու դա և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի շահերից է բխում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի անդամակցության հարցին, ապա Ադրբեջանն ունի հստակ քաղաքականություն` «չմիանալու քաղաքականություն», Ադրբեջանը խուսափում է ինտեգրացիոն բոլոր միավորումներից` ում հետ էլ որ դա լինի։ Դա վերաբերում է և՛ ԵՄ-ին, և՛ ԵՏՄ-ին, և՛ ՆԱՏՕ-ին։ Ադրբեջանը ցանկանում է լինել ինքն իրենով, Ադրբեջանն ունի բարձր հավակնություններ, որոնք ոչ միշտ է, որ հիմնավոր են, Ադրբեջանը ներկայումս ճգնաժամի շեմին է, բոլորին է հայտնի, թե ինչ տեղի ունեցավ մանաթի հետ, գիտենք, թե որքան են կրճատվել էներգետիկ պահուստները, և իրավիճակն այնտեղ այդքան էլ լավ չէ։ Ուստի, թե ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, մինչև վերջ ոչ մեկին հայտնի չէ։

Չեմ բացառում, որ Ադրբեջանում ինչ-որ պահի խորը ճգնաժամ սկսվի, և այդ ժամանակ այս կամ այն միությանը միանալու հարցը կբարձրանա այլ կերպ։ Իսկ քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, Ադրբեջանի` ԵՏՄ անդամակցության մասին խոսակցությունները երևակայություններ են։

– Ադրբեջանում այս օրերին շարունակվում են Եվրոպական խաղերը, և հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը պայմանականորեն հանդարտ է։ Բայց հայտնի չէ` ինչ կլինի Եվրոպական խաղերից հետո։ Որոշ փորձագետների պնդմամբ` Հայաստանն ամենավատ սցենարներին պետք է պատրաստ լինի` հատկապես, երբ Ադրբեջանի ներսում այդքան լուրջ տնտեսական խնդիրներ են առաջացել։ Ըստ Ձեզ` Ադրբեջանում առաջացած տնտեսական խնդիրները, ճգնաժամն ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության վրա։

– Այստեղ կարելի է խոսել հնարավոր մի քանի տարբերակների մասին։ Առաջին հնարավոր տարբերակն այն է, որ Ադրբեջանում կխորանա տնտեսական ճգնաժամը, իսկ երբ ճգնաժամը խորանում է, ապա յուրաքանչյուր ավտորիտար իշխանության մոտ առաջանում է գայթակղություն` մարդկանց ուշադրությունը շեղել փոքրիկ պատերազմով։ Սա լուրջ սպառնալիք է։ Չեմ բացառում, որ Բաքուն գնա վտանգավոր ավանտյուրաների ԼՂ հակամարտության գոտում։ Ուստի կարծում եմ, որ Պուտինի` Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ալիևի հետ եղել է խոսակցություն այս թեմայի շուրջ ևս։

Ռուսաստանն անվտանգության երաշխիքներ է տվել Հայաստանին, հաստատել է այդ երաշխիքները, երբ Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը, Ռուսաստանը պատասխանատու է Հայաստանի սահմանների անվտանգության համար, խոսքը ոչ միայն հայ-թուրքական, հայ-իրանական սահմանի մասին է, այլև հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանի, ուստի այստեղ` կարծում եմ, որ պատասխանը կարող է միայն մեկը լինել։ Մեկ այլ տարբերակ. ես ամեն դեպքում մտածում եմ, որ Ալիևը չի անի նման բան, քանի որ կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ մնացել է գոնե իրատեսականության մի չնչին հատիկ, և չեմ կարող ասել, որ Ալիևը Սահակաշվիլին է։ Ալիևը պրագմատիկ է, ի տարբերություն Սահակաշվիլիի, և չեմ կարծում, որ կգնա ավանտյուրայի։

– Այսինքն` Դուք վստահ եք, որ Պուտինն Ադրբեջանում Ալիևին հասկացրել է, որ պետք չէ՞ սկսել պատերազմ, չնայած կարծիքներին, որ Կովկասն առաջնահերթություն չէ Մոսկվայի համար, երբ կա ուկրաինական հակամարտությունը։

– Կովկասն այսօր երրորդ տեղում է Ուկրաինայից և Մերձդնեստրից հետո, աշխարհաքաղաքական ուժային բոլոր կենտրոնների համար։ Կա նաև Իրաքը, Սիրիան, Իսլամական պետությունը, այնպես որ, Կովկասն առաջին խմբում չէ։ Ես վստահ եմ, որ Պուտինի և Ալիևի միջև նման խոսակցություն վարվել է, և Մոսկվան իր դիրքորոշումը ներկայացրել է։ Թե ի՞նչ կանեն ուժային մյուս կենտրոնները, կարող եմ միայն ասել, որ Կովկասն առաջնահերթությունների ցանկում չէ, բայց նաև չեմ կարծում, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերից է բխում ԼՂ-ում պատերազմի վերսկսումը։ Նրանք չունեն իրավիճակը վերահսկելու լուրջ գործիքներ, Ռուսաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, առավել ևս չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը հզոր երկիր է, բայց Ադրբեջանն ունի խնդիրներ իր հյուսիսում, հարավում, ուստի, իմ համոզմամբ, Ադրբեջանը պետք է մտածի Ադրբեջան երկրի ամբողջականության և անվտանգության, քան հարևանների հետ պատերազմելու մասին։

– Իրանն ու Հայաստանն ակտիվ բանակցում են Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն կառուցելու շուրջ։ Սակայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը, ով տարիներ առաջ ողջունում էր նախաձեռնությունը, ասել է, որ անիմաստ է այս ծրագիրը։ Ինչո՞ւ է ՌԴ-ն դեմ այդ երկաթուղու կառուցմանը, ինչը շրջադարձային նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի համար։

– Խնդիրն առաջին հերթին` ֆինանսական է։ Հարավային Կովկասը, ի վերջո, լեռնային տարածաշրջան է, նման ծրագրերը բավականին ծախսատար են լինում։ Հիշեցնեմ, որ կա ճանապարհների մի ամբողջ շարք, որը հնարավոր չի լինում ավարտին հասցնել։ Խոսքն Աբխազիան Հյուսիսային Կովկասին, Չերքեզիային կապող հաղորդակցության մասին է, որը սառեցվել է, դրան փորձում են վերադառնալ, սակայն խնդիրը միջոցներն են, կա նաև Կերչի նեղուցի վրա կամուրջ կառուցելու հարցը, որը ևս մեծ գումարներ է պահանջում։ Այսինքն` խնդիրն այդ պրոյեկտի ֆինանսավորման մեջ է։

Այդ ճանապարհը մեծ իմաստ կունենար, եթե հնարավոր լիներ վերականգնել Աբխազիայի հետ հաղորդակցությունը, որպեսզի Ռուսաստանից երկաթուղին գնար Իրան` Աբխազիայով, Հայաստանով։ Իսկ այսօր այդ հարցն անհասանելի է, քանի որ կան քաղաքական տարաձայնություններ։ Այդ ճանապահը ձեռնտու կլիներ Հայաստանին, Ռուսաստանին, բայց դա ձեռնտու չէ Վրաստանին, ուստի, երևի թե այդ պատճառով էլ Վրաստանն արգելափակում է այս հարցը` համարելով, որ իր համար կարևոր են կարգավիճակի հարցերը, քան հավելյալ գումարներն այդ ճանապարհի շահագործման արդյունքում։

– Ի՞նչ եք կարծում մեր տարածաշրջանում իսլամական գործոնի մասին։ Տարածաշրջանային երկրները պե՞տք է պատրաստվեն Իսլամական պետության գործողություններին, կա՞ նման ռիսկ։

– Այո, կա նման սպառնալիք։ Կա իրեն Իսլամական պետություն հռչակած այդ աղետը, որն ունի գլոբալ հավակնություններ, սա թալիբների Աֆղանստանը չէ, նրանք շատ բան են սովորել, ավելի զարգացած կազմակերպություն են դարձել, որտեղ շատ լավ են աշխատում կառավարման գործիքները։ Պետք չէ մտածել, որ նրանք ավտոմատներով ահաբեկիչներ են, այդկերպ ներկայանալը միայն գովազդ է, իրականում նրանք առաջադեմ մարդիկ են, որոնք հակված են մոդեռնիզացիայի, ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր նորություններն ընկալել են, մարդկանց մի ամբողջ ցանց են ձևավորել, ովքեր միանում են այդ կազմակերպությանը և՛ Ռուսաստանից` Հյուսիսային Կովկասից, Արևմտյան Սիբիրից, հիմա նրանք մարդկանց հավաքագրելով են զբաղված, ողջ Կենտրոնական Ասիայով մեկ` Ադրբեջանում, Վրաստանում։ Այնպես որ, սա մեծ խնդիր է, այդ մարդիկ կսովորեն կառուցել իրենց իշխանությունները, կառավարման համակարգերը, և նրանք կվերադառնան իրենց հայրենիքներ, նույն Ադրբեջան, Վրաստան, և այդ ժամանակ մեծ խնդիրներ կլինեն, թեև` ոչ Հայաստանում, բայց հարևան երկրներում, Թուրքիայում ևս, քանի որ աջակցելով ԻՊ-ին, Թուրքիան իր համար փոս է փորում։ Ի՞նչ անել հայրենիք վերադարձած ահաբեկիչների հետ, դա լուրջ խնդիր է լինելու բոլորի համար։

– ՀԱՊԿ-ն ակտիվորեն զորավարժություններ է իրականացնում, պատրաստվում, փաստորեն, ՀԱՊԿ-ն ևս պատրաստ չէ չեզոքացնել այդ սպառնալիքները։

– Ներկայումս` ոչ։ Ռուսաստանը սկզբունքորեն փորձում է պատրաստվել դրան, ՌԴ-ում կա սպառնալիքի ընկալում, բայց ես վստահ չեմ, որ Կենտրոնական Ասիայի երկրներում կա այդ գիտակցումը։ Ես վախենում եմ Ուզբեկստանի, Ղազախստանի համար, ի վերջո, այդ երկրների ղեկավարները` Քարիմովը, Նազարբաևը, ընդմիշտ չեն, վաղ թե ուշ նրանք կհեռանան, թե ինչ կլինի նրանցից հետո, հայտնի չէ, քանի որ այսօր կան ապակայունացման նախադրյալներ։ Թվում է` այս ամենը հեռու է Հայաստանից, բայց այդպես չէ։ Ամեն ինչ շատ մոտ է։

Տեսանյութեր

Լրահոս