Բիբինի գերիները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), ինչպես և սպասվում էր, երեկ միաձայն որոշում կայացրեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու վերաբերյալ: Այդ որոշումը կայացվեց ՀԾԿՀ-ի շենքի առջև ակտիվիստների բողոքի ակցիայի և ՀԾԿՀ-ում հնչած բազմաթիվ քննադատական ելույթների մթնոլորտում:
Սակայն ՀԾԿՀ անդամների, նրա նախագահ Ռոբերտ Նազարյանի համար «ամոթ», «դավաճան» վանկարկումներից, քննադատությունից առավել կարևոր էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ռուս տնօրեն, ինչպես ԱԺ լսումներին, այնպես էլ ՀԾԿՀ-ի նիստին ներկայանալ չբարեհաճած Եվգենի Բիբինի՝ իրեն ուղարկված նամակը, որով վերջինս ուղղակի սպառնալիքի լեզվով տեղեկացնում էր, որ, եթե ՀԾԿՀ-ն սակագինը չբարձրացնի 17 դրամով, ապա ՀԷՑ-ը չի երաշխավորում անխափան էներգամատակարարումը և կարող է անգամ քննարկել իր գործունեությունը դադարեցնելու հարցը: Այս նամակի ընթերցումից հետո սակագինն ընդամենը 7 դրամով բարձրացնելու որոշումը հանձնաժողովի անդամներն ու իշխանություններն ընդհանրապես կարող են ներկայացնել՝ որպես աննախադեպ հերոսություն, հասարակության շահերից բխող քայլ:
Բայց իրականությունն այն է, որ երկու՝ հասարակական և ռուսական մասնավոր ընկերության սպառնալիքներից հանձնաժողովը, այսինքն՝ իշխանությունը, տուրք տվեց երկրորդին: Ինչպե՞ս կպատասխանի հասարակությունն այս որոշմանը, պարզ կդառնա վաղը՝ սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված բողոքի ակցիայի ժամանակ: Իշխանության համար Բիբինի սպառնալիքներից առավել վտանգավոր կարող է լինել միայն հասարակական մեծ զանգվածներ ընդգրկող ընդվզումը: Այլապես բացառված չէ, որ մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն մի նիստ էլ հրավիրի՝ սակագինը Բիբինի ցանկացած չափով բարձրացնելու համար: