ՀԱՊԿ անդամակցությանը զուգահեռ՝ Հայաստանը կարող է օգտվել այլ հնարավորություններից ևս. Ռայներ Մորել

«Հայաստանը և՛ ՀԱՊԿ-ի լավ անդամ է, և՛ ՆԱՏՕ-ի լավ գործընկերը»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը` անդրադառնալով հարցին, թե Հայաստանի դեպքում հնարավո՞ր է համադրել ՀԱՊԿ անդամակցությունն ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

Ռայներ Մորելն ասաց, որ հնարավոր է և հաջողությամբ, քանի որ Հայաստանը հատուկ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանը նաև ՀԱՊԿ-ի լավ դաշնակից է: Բայց դեսպանի կարծիքով՝ աշխարհում կան այլ հնարավորություններ ևս: «Եվ ՆԱՏՕ-ն առաջարկում է հնարավորություն: Սա մի բան է, որն օգտակար է երկրի բարեփոխումների համար, երկրի    սեփական զինված ուժերի համար, հնարավորություն է՝ օգտակար լինել այլ երկրների զինված ուժերին, ինչպես Հայաստանը՝ Աֆղանստանում: Մենք շատ լավ ենք աշխատել հայաստանյան ուժերի հետ Աֆղանստանում և ապագայում ևս կաշխատենք միմյանց հետ, և դա ուժերի միջև երկխոսության լավ հնարավորություն է»,- ասաց դեսպան Մորելը:

Մեկ այլ հարցի, թե ե՞րբ է Ցեղասպանության մասին բանաձևը ներկայացվելու և քննարկվելու Բունդեստագում, պատասխանեց, որ չի կարող գուշակություններ անել: «Վստահ եմ, որ տեղի կունենա այդ քննարկումը: Բայց մենք սկսել ենք արդեն, ապրիլի 23-ին մեր նախագահը ունեցավ ելույթ և շատ հստակ էր՝ ասելով, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, նման կերպ արտահայտվեց նաև խորհրդարանի խոսնակը, և դա շատ կարևոր է մեզ համար»,- ասաց Ռայներ Մորելը:

Տեսանյութեր

Լրահոս