Հովիկ Աբրահամյանը հաստատեց` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 6.93 դրամով, ինչպես հայտարարել էր, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա նշեց, որ այժմ հաշվարկում են տնտեսության և բնակչության վրա ծանրացող բեռը, նաև փորձելու են նպաստառուներին աջակցել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան: Հ.Աբրահամյանի խոսքով՝ հետևանքների մասին բարձրաձայն կխոսեն ՀԾԿՀ-ի հաստատումից հետո, իսկ մինչ այդ ԱԺ-ում հունիսի 12-ին լսումների ժամանակ նախարարները բացատրություն կտան հանրությանը:
«Բոլոր մեր պատկան մարմինները օրենքի կետը պաշտպանելու են և որևէ խնդիր, ես չեմ կարծում, որ լինի: Խոսում են մեքենաների մասին և այլն, որևէ նման բաղադրիչ չի ընդունվելու: Դա հանձնաժողովն արդեն հայտարարել է և, ես կարծում եմ, կառավարությունը հետամուտ կլինի»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ հավելելով, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի խոսել գողության մասին, այլ ասել է «բացթողումներ»: Ամեն դեպքում վարչապետը խոստացավ հետամուտ լինել ու հասկանալ ինչի մասին է խոսքը և, եթե կա նման բան, ապացուցվի փաստերով, դրանով կզբաղվեն պատկան մարմիններ:
Հ.Աբրահամյանը խորհուրդ տվեց վատ չտրամադրվել, որ ՀՀ տնտեսության վիճակը գնալով չի լավանում. «Մենք պետք է այնպես անենք, որ լավանա, մենք այդ գործին ենք լծված: Ես ձեզ մի քանի անգամ ասել եմ և ևս մեկ անգամ ուզում եմ հատուկ ձեզ համար ասեմ, որ մենք երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացնելու ենք, և դա բերելու է տնտեսության ակտիվացմանը: Իսկ դա կխթանի նաև բերակեցությունը մեր ժողովրդի: Ամեն դեպքում մենք կառավարությունով լծված ենք այդ գործընթացներին և անպայման տնտեսական աճ է սպասվում այս տարի»: