Վարդան Այվազյանը Արամ Մանուկյանի կոչ արեց «քաղաքական շահարկումները թարգել». թեժ քննարկում ԱԺ-ում
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկում ծավալվեց ՀԱԿ խմբակցության մշակած «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և ՀՀ-ում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» ԱԺ որոշման նախագծի շուրջ:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց մի շարք փաստարկներ, թե ինչ չարաշահումներ են եղել գազամատակարարման համակարգում: Ըստ նրա՝ դրա համար հիմք է ընդունվում ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի՝ 2015թ.-ի ապրիլի 7-9-ի նիստերի ընթացքում ներկայացված զեկուցում-եզրակացությունը, ինչպես նաև եզրակացության քննարկման ընթացքում հրապարակված հատուկ կարծիքները, նյութերը և տեղեկանքները:
ՀԱԿ-ն առաջարկում ու պահանջում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով:
ՀԱԿ-ը նաև առաջարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ, հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, երկշաբաթյա ժամկետում մշակել և ԱԺ ներկայացնել դրանց վերացմանը, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016թ.-ի գործունեության ծրագրում: Ա.Մանուկյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը՝ մոտ 800 կազմակերպություն, որ սպառում են 9900 խմ գազ, բայց հասնցում են 1000խմ-ից քիչ ավելիի, որպեզի էժան վճարեն՝ որպես խոշոր սպառող:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ կայքում նախագիծը դրված է ու պատգամավորը կարող է ինքը դիմել դատախազություն: Վ.Այվազյանը կոնկրետ օրինակ պահանջեց. «Բազում դեպքերից մի դեպք, որ Պողոսյան Պողոս իրավաբանական անձը կամ ֆիզիկական անձը քիչ է ծախսել, բայց շատ են գրել, կան չարաշահումներ, գրեք, բերեք ես երկրորդ անձ կստորագրեմ»:
Այվազյանի կարծիքով՝ Մանուկյանը հանձնաժողովի անդամներին վատ դրության մեջ է դնում. «Դատախազությունը կարող է սայթից վերցնել, Ձեր ելույթն էլ համարել հաղորդում: Կարող եք ասել՝ խնդրում եմ, սա դիտարկել որպես հաղորդում»:
Ա.Մանուկյանը հայտարարեց, թե ինքը ուսումնասիրում էր գազի գործը երկու տարի, բայց ստեղծվեց հանձնաժողով, ու հարյուրապատիկ ավելի նյութեր հայտնաբերեց, քան ինքը կարող էր: Ըստ նրա՝ երբ կա ԱԺ որոշումը, կառավարությունը, Ռոբերտ Նազարյանն ավելի զուսպ են:
Նա հայտարարեց, որ ամեն դեպքում ուղարկելու են դատախազություն, բայց ամբողջ ԱԺ-ն որոշումն ավելի կշիռ ունի, քանի մեկ պատգամավորը. «Ի՞նչն է խանգարում, որ ԱԺ-ում քննարկենք: Մենք առաջարկում ենք այս խնդիրներին տեր կանգնել: Այն, ինչ ես կարդում եմ, դա թող դատախազությունը ընդունի հիմք՝ հաղորդում հանցագործության մասին:
Ես ասում եմ՝ նայենք, ուսումնասիրենք՝ կրիմինալ կա՞, թե՞ ոչ: Իսկ որ կա, ես ու Դուք գիտենք: Թող դատախազությունը ուսումնասիրի ու ասի՝ ՀԱԿ-ը կեղծ, հերյուրանքով է զբաղված: Ի՞նչն է խանգարում բաց քննարկմանը, ԱԺ-ն ավեի բարձր է, քան մեկ պատգամավորը»:
«Քո միակ նպատակն է, որ հայկական կազմակերպություններն ավելի շատ վճարե՞ն»,- հարցով հակադաձեց Վ.Այվազյանը:
«Դուք ասեք, քո մի ասեք»,- վրդովվեց Ա.Մանուկյանն ու շեշտեց, թե ուզում է, որպեսզի գազ քիչ մսխեն, որ բյուջեն քիչ փող չգնա: Մանուկյանը Այվազյանին մեղադրեց որերորդ անգամ «Գազպրոմի» իրավաբանը դառնալու մեջ:
«Ինչի՞ եք վերածում դա ինձ հետ կապված: Նորից եմ ասում՝ հաղորդում է, սայթում տեղադրած է, ինչի՞ ենք ուզում նորից շոու սարքենք: Կարող եք ստորագրել դատախազություն ու ուղարկել»,- պատասխանեց Վ.Այվազյանը:
«Համահունչ աշխատելու դեպքում գազը կրկին օգոստոսին չէր թանկանա: Եթե մենք այս հանձնաժողովում մի քիչ խիստ լինեինք, այսօր հոսանքի հետ կապված այսքանը տեղի չէր ունենա: Սա երևույթ է, որ ԱԺ-ն սակագների թանկացման հետ կապված ոչ մի քայլ չի անում: Ավելին՝ իրանական գազատարի վերջին կտորի վաճառքը այս ամբողջության մեջ է: Դուք և ՀՀԿ-ն աջակցում եք այստեղ այնտեղից եկող քայլերին, Բիբինը և «Գազպրոմը» գնում են դրանց, որովհետև Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն կա ու ձեր նման աջակիցներ ունեն»,- հայտարարեց Ա.Մանուկյանը:
Վ.Այվազյանը կոչ արեց «քաղաքական շահարկումները թարգել» ու չօգտվել առիթից, որ թույլ է տալիս ելույթ ունենալ:
«Դուք ո՞վ եք, որ թույլ տաք կամ չտաք»,- կրկին վրդովվեց Ա.Մանուկյանը:
Վ.Այվազյանը հայտարարեց, թե Մանուկյանը խախտում է ԱԺ հանձնաժողովի ռեգլամենտը: Հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագծին:
«Ձեզնից լավ շոումեն մեր հասարակությունը չի տեսել: Իմ ելույթներին գնահատական մի տվեք: Ես ձեր ելույթներին գնահատականներ չեմ տալիս: Սովորեք դուք-ով խոսել»,- հայտարարեց Ա.Մանուկյանն ու հեռացավ: