«Ռիգայի գագաթաժողովը ճակատագրական հարցեր չլուծեց, սակայն…». Հ. Նաղդալյան
Հարցազրույց Հերմինե Նաղդալյանի հետ
– Տիկին Նաղդալյան, ավարտվեց Ռիգայում ԵՄ Արևելյան գործընկերության թվով 4-րդ գագաթաժողովը, որին տրվող գնահատականներն ու սպասելիքները քաղաքական և վերլուծական շրջանակներում բավական հակասական էին: Ամեն դեպքում, այսօր այն արդեն կայացած փաստ է և կխնդրեինք կոնկրետացնել Հայաստանի մասով ինչ էական նշանակություն ունեցավ այն:
– ԵՄ արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովն աչքի ընկավ սթափությամբ և հավասարակշռվածությամբ։ Թեպետ շատերը փորձոււմ են բնութագրել այն որպես էական տեղաշարժ չարձանագրած, սակայն ես կարծում եմ, որ միջազգային այս լարված դրության պայմաններում սա հենց կոնստրուկտիվիզմի և արդարության ապահովմանն ուղղված լավագույն ընթացքն էր։ Չնայած որոշ քաղաքական անհամաձայնությունների, կարծում եմ, այս գագաթաժողովում ցուցադրվեց, որ Եվրոպան, այնուամենայնիվ, մնալու է 21-րդ դարում խաղաղության, քաղաքակրթության և մարդկային արժեքների դրոշակակիրը։
Գագաթաժողովը և նրա մշակած հռչակագիրը հավասարակշռված, ըմբռնող և , ես կասեի՝ բարյացակամ էր Հայաստանի խնդիրների և մտահոգությունների նկատմամբ։ Այստեղ, կարծում եմ, վերջնականապես կոտրվեց <նեղացածության> այն թվացյալ մթնոլորտը, որ շատերի մոտ առաջացել էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելուց հետո։ Գծագրվում է, որ Հայաստանի ընտրած դիրքորոշումը ԵՏՄ-ի և Եվրամիության Արևելյան գործընկարության ծրագրերի միջև ընկալում է գտնում առաջադեմ աշխարհում, և առաջիկայում ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ լայնախոհության և փոխըմբռնման սկզբունքների հունով։ Գնալով ապացուցվում է, որ Հայաստանի ընտրած «և…և» բանաձևը հաղթանակ է տարել ոմանց կողմից հրամցվող «կամ… կամ» կոշտ սկզբունքի նկատմամբ։ Այսօր մենք գնում ենք Եվրամիության հետ ստեղծված պայմաններում օպտիմալ հարաբերությունների ֆորմատին՝ առանց կոմպլեքսավորումների, <նեղացածության> և հակամարտությունների գրգռման։ Կարծում եմ՝ դա գնահատելի է:
Ըստ էության այս գագաթնաժողովում քայլ կատարվեց ԵՏՄ-ն ընտրած Հայաստանի կողմից ներկայացվող՝ Եվրաինտեգրմանն ուղղված առաջարկներին ընդառաջ։ Մեր դիվանագիտական, պետական օղակների, ինչպես նաև, միջխորհրդարանական հետևողական աշխատանքը արդյունք է տալիս։
Ճիշտ է, ԵՏՄ-ի հետ անդամակցության այս փոքր ժամանակաշրջանը Հայաստանի տնտեսության հետ կապված բոլոր ակնկալիքները դեռ չի արդարացրել, բայց եվրաինտեգրումն ընտրած Վրաստանի, Մոլդովայի, էլ չեմ ասում՝ Ուկրաինայի համեմատ՝ Ասոցացման պայմանագիրը առայժմ որևէ լավ բան չի տվել: Կարծում եմ, ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնելու։ Իհարկե , մեր հեռանկարների հարցում մեծ են և պատմաքաղաքական խոչընդոտները, որոնցից չես փախչի, սակայն, կարծում եմ բոլորի համար ոգևորող է, որ Հայաստանի ընդունած որոշումը հարգանքով է ընկալվում քաղաքակիրթ արևմուտքի կողմից։
Առաջիկայում սպասվում է մրցակցության մի հետաքրքիր ժամանակաշրջան, որտեղ մեր ինքնադրսևորումից ևս շատ բան է կախված ։ Հայաստանի Եվրամիության հետ համագործակցության մշակվելիք նոր համատեղ փաստաթղթի դրական արդյունքները մեր բնակչությունը կզգա, առաջին հերթին՝ հարաբերությունների, այցելությունների դյուրացման, վիզաների պարզեցման և մյուս հարցերում։
Չափազանց բարձր և խորհրդանշական եմ գնահատում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերաբերմունքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ շատ բարյացակամ հանդիպման ընթացքում։ Նա հստակորեն փաստեց, որ հասկանում և հարգում է և չի դատապարտում Հայաստանի պատմական ընտրությունը, և պատրաստակամություն հայտնեց ստեղծված պայմաններին համապատասխան՝ շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։ Եվ իսկապես հնարավոր է նաև, որ ԵՏՄ անդամակցությունը ևս Հայաստանին լրացուցիչ կշիռ հաղորդի՝ Եվրամիության հետ հարաբերություններում։
– Տիկին Նաղդալյան, իսկ ինչպե՞ս կգնահատեք Ռիգայի գագաթաժողովում քննարկված Ղրիմի հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը:
– Հայաստանը իր սկզբունքային դիրքորոշումներով նաև Ռուսաստանի համար միջազգային հուսալի գործընկերոջ շատ կարևոր դեր ունի՝ հանդես գալով այն հարցերի շուրջ, որտեղ Ռուսաստանը կանգնում է արդարության, ազնվության և հումանիզմի դիրքերի վրա։ Օրինակ՝ երբ Ռուսաստանին դատապարտում են ինքնորոշման ձգտող ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար, այստեղ Հայաստանի վճռական և միանշանակ դիրքորոշումը երկուստեք մեծ կշիռ, ազդեցություն և գնահատական է ստանում։
Հայաստանը հանդես եկավ ինքնորոշման Հելսինկյան առաջնային սկզբունքի դիրքերից: Նման կեցվածքով, համոզված եմ, մեր երկիրը հետագա հեղինակություն է ձեռք բերելու։ Այս գագաթաժողովն ապացուցեց, որ հասկանում և հարգում են Հայաստանի սկզբունքայնությունը։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի շուրջ սպառիչ, ազդեցիկ և ներգործուն բնութագիր տրվեց ՀՀ նախագահի ելույթում, և ես հպարտ եմ, որ Հայասատանի Հանրապետությունն է տեր կանգնում մարդկային համակեցության և միջազգային իրավունքի այդ հումանիստական սկզբունքին, որի հիման վրա է ձևավորվել ներկայիս աշխարհակարգը։ Շատ տեղին և ժամանակին էր դրա մեկ անգամ ևս հիշատակումը Հայաստանի նախագահի կողմից։
Ռիգայի գագաթաժողովը ճակատագրական հարցեր չլուծեց, սակայն այնտեղ արձանագրված ազդակները խոստումնալից էին աշխարհաքաղաքական զարգացումների և, մեր դեպքում՝ Հայաստանի հետագա միջազգային ինտեգրացիայի գործընթացների տեսանկյունից։
ԱԺ