Ադրբեջանում պատրաստվում է «Ապաօֆշորացման մասին» օրինագիծ

Fineco-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում պատրաստվում է «Ապաօֆշորացման մասին» օրինագիծը, որը կոչված է կարգավորել օֆշորային գոտի դուրս բերված ադրբեջանական կապիտալի վերադարձը:

Առկա տեղեկատվության համաձայն՝ ներկայումս պատրաստվում են օֆշորային գոտում տեղակայված կապիտալի համաներման համար իրավական հիմքերը: Թեև օրինագծի նախապատրաստման ժամկետների մասին չկան մանրամասներ, այնուամենայնիվ, այս նորությունն ինքնին տնտեսական կարևոր իրադարձություն է:

Ընդգծվում է, որ ցայժմ Ադրբեջանում ոչ ոք լրջորեն չի զբաղվել օֆշորի հարցով: Միայն առանձին փորձագետներ են խոսել ադրբեջանական միլիարդների և անգամ տասնյակ-միլիարդավոր դոլարների մասին, այն էլ դա արել են հպանցիկ՝ առանց վերլուծությունների ու հաշվետվությունների:

Եվ եթե կառավարությունը կարողանա կոշտ ձևով վերադարձնել օֆշորային գոտի դուրս բերված գումարները, ապա պետական գանձարանը կհամալրվի ոչ մեկ միլիարդով, որի կարիքն ունի տնտեսությունը:

«Ապաօֆշորացում» տերմինը վերագրվում է Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին, ով այդ բառը կիրառել է 2011 թվականին, երբ դեռ Ռուսաստանի վարչապետն էր:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին հաղորդվել էր, որ 2015 թվականին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են ավելի քան 31 տոկոսով: Դրանից արդեն մեկ ամիս անց Ադրբեջանում որս է հայտարարվել օլիգարխների նկատմամբ, և «օլիգարխգեյթը» սկսել է նոր թափ հավաքել Ադրբեջանում:

Այս տարվա ապրիլի սկզբին Իլհամ Ալիևն անսպասելի այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա, ուր ըստ ամենայնի՝ սաուդյան կողմին խնդրել է բարձրացնել նավթի ցածր գները, որոնք մեծապես հարվածել են Ադրբեջանի պետական գանձարանին և դա այն ժամանակ, երբ նա մեծ գումարներ է ծախսում Եվրոպական առաջին խաղերի հյուրընկալման համար:

Ի դեպ, դա եղել է առաջին դեպքը, երբ Ադրբեջանի նախագահի կայքն ու պաշտոնական ԶԼՄ-ները նախապես տեղեկատվություն չեն տարածել Իլհամ Ալիևի առաջիկա այցի մասին և այդ մասին հայտնել են միայն այցից հետո:

2015 թվականի բյուջեի մեկ երրորդը հատկացվել է ներդրումային նախագծերին, ընդ որում, տնտեսագետների հաշվարկներով, այդ նախագծերին հատկացված միջոցների քսան տոկոսը նախատեսված է նախագահի սիրելի նախագծի` Եվրոպական Օլիմպիական խաղերի համար, որոնք Բաքվում պետք է անցկացվեն 2015 թվականի հունիսին:

Տեսանյութեր

Լրահոս