Կլինի կամ աղետ, կամ շրջադարձ` դեպի Արևմուտք
Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանի հետ
– Պարոն Եղիազարյան, ՎԶԵԲ-ը հրապարակել է նոր կանխատեսում ՀՀ տնտեսության վերաբերյալ, որի համաձայն` 2015-ը Հայաստանը կփակի 1.5 % տնտեսական անկմամբ։ Ընդ որում, Հարավային Կովկասի երկրներից ՀՀ-ն միակն է, որ անկում կունենա։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
– Ես հակված եմ այսօր այդ բացասական գնահատականներին, քանի որ լավատեսական առումով որևէ նոր գործոն չկա, չի երևում։ Գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, այն բացասական գործոններն են, որ եղել են ոչ վաղ անցյալում և, ըստ էության, դրանք կշարունակեն ազդեցություն ունենալ։ Կարող է մի 3 ամիս հետո այլ կանխատեսումներ լինեն, կարծում եմ, այս պահի դրությամբ նույնիսկ 1.5%-ն է լավատեսական կանխատեսում, որովհետև դրական որևէ գործոն ես չեմ տեսնում։ Իսկ բացասական գործոնները գուցե և ավելանան։ Ոչ լավատեսական ակնկալիքներ կան այս պահի դրությամբ։
– Ներկայումս Երևանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նախարարները, և նրանցից Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է, որ ԵՏՄ երկրները «ճգնաժամի մեջ են, առևտրի ծավալները նվազել են տասնյակ տոկոսներով, կա պահանջարկի նվազում, կան ներդրումային ոչ լավ սպասումներ, և գնալու տեղ չկա», և մայիսի 29-ին նոր պետք է քննարկեն ու փորձեն լուծումներ գտնել։ Այսինքն, ԵՏՄ-ում թաղվում են ճահճի մեջ, հետո՞ են խնդիրների լուծումներ փնտրում։
– Դե պարզ էր, որ ճար չկա, Ռուսաստանի շուրջ օղակը սեղմվում է, մեկուսացումը շարունակվում է, խոսք չկա անգամ պատժամիջոցների թեկուզ հեռավոր վերացման մասին։ Ավելին` խոսվում է նոր պատժամիջոցների մասին։ Հիմա, եթե մենք մեզ համարում ենք նրանց հետ միասին, պետք է կրենք այդ բոլոր տառապանքները, դա է խնդիրը։ Բայց կարծում եմ` մեզ այդպիսի ապագա չէր սպասվում, եթե այլ ընտրություն անեինք։ Եվ դա բանական է։ Ճար չկա Ռուսաստանի հետ կապված, ՌԴ-ի հավակնություններն իրականությունից կտրված էին, և հիմա Ռուսաստանը կրում է դրա բոլոր հետևանքները։ Թե մենք ինչո՞ւ ենք մեզ կապել այդ ամենի հետ, պարզ չէ։ ԵՏՄ-ի վիճակը կշարունակի վատանալ։ Հայաստանը վաղ թե ուշ պետք է կատարի իր ընտրությունը։ Կարծում եմ` այլընտրանքներ արդեն կան որոշակի իմաստով` ԱՄՆ-ի հետ ներդրումների և առևտրի շրջանակային համաձայնագիրգ իհարկե, խնդիրը քաղաքական դաշտում է, քաղաքական որոշման խնդիր է։
– Եթե Հայաստանը շարունակի ԵՏՄ-ում մնալ, կարծում եք, որ միջազգային կառույցները որոշ ժամանակ անց կրկին կվերանայեն տնտեսական աճի իրենց գնահատականն ավելի շատ բացասակա՞ն ուղղությամբ։
– Դա միանշանակ է։ Խնդիրն այն է, որ դա ոչ ոքի չի էլ հետաքրքրի։ Հայաստանը կկորցնի պետականությունը։ Նույնիսկ գնահատականներն արդեն չեն էլ տրվի։ Իմաստը ո՞րն է, եթե ՀՀ-ն պետություն չի ունենա։ Այդ ճանապարհը տանում է դեպի այդտեղ։ Միանշանակ է, որ ԵՏՄ-ն տնտեսական միավորում չէ, ԵՏՄ-ն որպես տնտեսական միավորում` ոչ մի տնտեսական միության պահանջների չի բավարարում` ո՛չ ընդհանուր շուկա կա, ո՛չ ընդհանուր քաղաքականություն կա։ Այդ ամբողջի նպատակը մեկ պետության ստեղծումն է` ՌԴ-ի գլխավորությամբ։
– Այս պայմաններում ՀՀ իշխանությունների գործունեությունը որքանո՞վ եք ադեկվատ համարում։ Մենք դեռ շարունակում ենք գործել անցած տարեվերջին հաստատված բյուջեով, որտեղ աճը 4.2% էր։
– Խնդիրները, ինձ թվում է, ավելի կմեծանան, և եթե ոչ` աղետ, ապա` կլինի շրջադարձ։ Երկու տարբերակ գոյություն ունի. կամ աղետ` ընդհանրապես ազգային կամ պետական, կամ շրջադարձ` դեպի Արևմուտք, որովհետև այլ տեղից մենք չենք կարող սպասել ներդրումներ, ֆինանսական միջոցներ, աջակցություն, ի վերջո, զարգացում, ի վերջո, պետություն և անվտանգություն։