Էրդողանը հայտարարել է, որ վիրավորված է Պուտինից՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար
Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Քուվեյթ մեկնելուց առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում քննադատել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Ֆրանսուա Օլանդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան ժամանելու և «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար:
Էրդողանն ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանը կիրառում է «ցեղասպանություն» բառը. «Անձամբ ինձ համար տխրեցնող և վիրավորական է, որ Պուտինն օգտագործել է այդ արտահայտությունը»:
Էրդողանը Ռուսաստանին խորհուրդ է տվել նայել սեփական պատմությանը՝ մանրամասնելով, որ նկատի ունի Ղրիմի ու Դոնբասի (Ուկրաինա) դեպքերը. «Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, ակնհայտ է: Ռուսաստանը թող պատասխան տա դրանց համար: Բացի այդ, Թուրքիան չի գործել ցեղասպանություն»: