Լեհաստանը Ֆրանսիայից կստանա «Միստրալ»-ները, իսկ ՌԴ-ը` 1.1 միլիարդ եվրո փոխհատուցում. JDD
Journal du Dimanche պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիան մտադիր է փոխհատուցել «Միստրալ» ուղղաթիռակիրների նախագծի հարցում Ռուսաստանի կատարած ծախսերը: Որոշվել է ուղղաթիռակիրները չմատակարարել ռուսական նավատորմին և դրանք մատակարարել Լեհաստանին:
Հենց Լեհաստանից ստացված գումարներով էլ կփոխհատուցվեն Ռուսաստանի կատարած ծախսերը: Պարբերականի պնդմամբ` ռուսական և ֆրանսիական կողմերը պայմանավորվել են մեկ ամսվա ընթացքում հստակեցնել Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերի մատակարարման մասին պայմանագրի չեղյալ հայտարարման հստակ պայմանները:
JDD-ը հայտնել է, որ գործնականում արդեն իսկ որոշվել է, որ Փարիզը Ռուսաստանին վերադարձնելու է ավելի վաղ նրա վճարած 800 միլիոն եվրոն և նախագծի վրա նրա կատարած այլ ծախսերը փոխհատուցելու է ևս 300 միլիոն եվրոյով:
Այս մասին պարբերականին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, ով ծանոթ է «Միստրալ»-ների շուրջ բանակցություններին: Նրա տվյալներով` Ֆրանսիան հուսով է Լեհաստանից այդ ուղղաթիռակիրների մատակարարման մասին պայմանագրով ստանալ 2 միլիարդ եվրո:
Ընդ որում` Ֆրանսիան Ռուսաստանից ստանալու է նրա համար կառուցված երկու «Միստրալ»-ները վերավաճառելու իրավունք, որոնց նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ: