Բաժիններ՝

Ոնց կարելի է ուտել անմոռուկով տորթը. Ուսանողը՝ Ադիբեկյանին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր ուսանողներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, թե անմոռուկով տորթ են վաճառում, ո՞նց կարելի է այն ուտել:

«Հասկանում եք՝ այստեղ հոգեբանական խնդիր է առաջ գալիս մարդու մոտ: Անմոռուկի սիմվոլն ընդհանուր առմամբ խնդիր ունի համախմբելու, միավորելու համայն հայությանը, պարզապես երբեմն անհարկի կիրառումներ լինում են:

«Հիշում եմ և պահանջում» կարգախոսն իմաստային առումով երկու մասից է բաղկացած, առաջինն ավելի շատ կապվում է հիշողության հետ, իսկ երկրորդ մասը մեզ մղում է պահանջատիրության»,- հայտնեց Ադիբեկյանը՝ նշելով, որ նշանների, պաստառների, շապիկների և այլ տեսքով անմոռուկների օգտագործումը բխում է բիզնես տրամաբանությունից, և դրան վատ վերաբերվելը սխալ է:

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանն էլ անդրադառնալով այս թեմային՝ նշեց, որ նշանային համակարգը մեծ ազդեցություն ունի մարդու հիշողության վրա. «Հանդիպում են ոչ ճիշտ դրսևորումներ, օրինակ, այսօր իմացա, որ մարզերից մեկում հայոց լեզվի դասը նվիրված է լինելու Ցեղասպանության 100-րդ ամյակին, դա արժեզրկում է այս միջոցառման իմաստը: Կամ՝ եթերում արդեն մի քանի անգամ հնչել է 100-ամյակի տոնակատարություններ արտահայտությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակի նշանակությունն ավելի մեծ է, այս համատեքստում կարևոր էր Հռոմի պապի մատուցած պատարագը, որին, տեսաք, թե ինչպես արձագանքեց ամբողջ աշխարհը»:

Նա նշեց, որ այլևս ողբալու իմաստ չկա, մենք հաղթող ազգ ենք և չպետք է մոռանանք մեր պահանջատիրությունը:

Ա. Ադիբեկյանն էլ հավելեց, թե սա այն միակ դեպքն է, որը կարողանում է աշխարհում համախմբել այնպիսի հայտնի աստղերի, ինչպիսիք են՝ Շառլ Ազնավուրը, Քիմ Քարդաշյանը, և այլոց. «Այս հայտնիների գիտակցության մեջ և հոգու խորքում չի մոռացվում Ցեղասպանությունը, որովհետև ցավը խորն է»:

Հոգեբանի Ռուբեն Աղուզումցյանի խոսքով՝ այս հարցում հասարակության բոլոր անդամների կարծիքները չեն կարող միատարր լինել, սակայն ժամանակ ընթացքում պետք է միևնույն ուղղությամբ մտածենք և մեր ներքին մշակույթը բարձրացնենք:

«Այստեղ շատ կարևոր է դաստիարակությունը, որը պետք է սկսել փոքր տարիքից և այս հարցում լինել առավել քան համբերատար»,- եզրափակեց Ռ. Աղուզումցյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս