Վրաստանն ու Ուկրաինան պետք է համատեղ դիմակայեն ագրեսիային. Ուսուպաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին Կիևում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Գրոյսմանի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ու Ուկրաինան համատեղ կարող են դիմակայել ագրեսիային, վերականգնել տարածքային ամբողջականությունը և շարունակել դեպի ազատ Եվրոպա ճանապարհը.
«Վրաց ժողովուրդը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին, Վրաստանի խորհրդարանը կանգնած է Ուկրաինայի խորհրդարանի կողքին, Վրաստանի կառավարությունը կանգնած է Ուկրաինայի կառավարության կողքին: Մենք կցանկանայինք, որ այս բարդ ժամանակներում դուք իմանայիք, որ Վրաստանը ձեզ հետ է:
Ներկայումս Վրաստանի աջակցությունը վկայում է այդ մասին: Մենք միասին պետք է դիմակայենք ագրեսիային, միասին պետք է վերականգնենք մեր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և շարունակենք համատեղ՝ դեպի ազատ Եվրոպա»:
Հաղորդվում է, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ուկրաինական այցը մեկնարկել է ապրիլի 19-ին և ավարտվելու է ապրիլի 21-ին: