Գերմանիայի խորհրդարանում թեժ քննարկումներ են ծավալվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Deutsche Welle-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ Գերմանիայի խորհրդարանում թեժ քննարկումներ են ծավալվել այդ թեմայի շուրջ: Քննարկումնեը մասնավորապես առնչվում են ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառեզրը օգտագործել-չօգտագործելուն:

Նշվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված՝ ապրիլի 24-ին տեղի է ունենալու Գերմանիայի խորհրդարանի մեկ ժամանոց նիստ, որի ժամանակ տեղի է ունենալու քվեարկություն:

Բեռլինում հրատարակվող Tagesspiegel թերթը նշել է, որ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու միջև բուռն քննարկումներ են ծավալվել իշխող ու ընդդիմադիր կուըսակցությունների միջև: Մասնավորապես, ընդդիմադիր «Ձախ» և «Կանաչներ» կուսակցություններն աջակցում են «ցեղասպանություն» բառն օգտագործելուն, ինչը չի կարելի ասել կառավարության ու կոալիցիոն կուսակցությունների համար:

Թերթի տվյալներով՝ նախորդ շաբաթվա վերջին իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ներկայացրել էր մի բանաձև, որի վերնագրում տեղ էր գտել ցեղասպանություն բառը, սակայն ԱԳՆ-ի միջամտության հետևանքով այն հանվել է վերնագրից:

Թերթն այդ քայլը պայմանավորում է նրանով, որ հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և նման քայլը կդիտարկվեր որպես այդ ընտրություններից առաջ Թուրքիայի դեմ հարձակում, և բացի այդ, Գերմանիան «Իսլամական պետության» դեմ պայքարում ունի Թուրքիայի կարիքը՝ որպես գործընկեր երկիր:

Ապրիլի 21-ին դաշինքի պատգամավորները քվեարկություն միջոցով կկայացնեն վերջանական որոշում, սակայն հավանական չի համարվում, որ «ցեղասպանություն» բառեզրը վերստին կընդգրկվի վերնագրում:

Ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում կայանալիք քննարկման ժամանակ իշխող և ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնելու են երեք տարբեր բանաձևեր, սակայն հնարավոր է համարվում, որ մինչ այդ նրանք համաձայնության կգան մեկ բանաձևի շուրջ:

Գերմանիայի կառավարությունը կողմ է «պատմաբաններին թողնելու» տեսակետին: Նա հայտարարել է, որ 1915-1916 թվականներին Օսմանյան պետությունում հայերին սպանդի ենթարկելու համար չի գործածելու «ցեղասպանություն» բառը:

Տեսանյութեր

Լրահոս