Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի տարածած հերթական տեսանյութի և Անդրանիկ Գրիգորյանի մասին. «Նա ստիպված է, նրան ուղղակի տանջամահ են անում»
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածվեց հակառակորդի կողմում հայտնված Անդրանիկ Գրիգորյանի մասնակցությամբ հերթական տեսանյութ, որում, իբր վերջինս կոչ է անում զինվորների անցնել Ադրբեջանի կողմը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սա ադրբեջանական նացիստական քարոզչամեքենայի կողմից նկարահանված ևս մեկ տեսանյութ է. «Պատկերացնում եմ՝ ինչպիսի ապրումներ է հիմա ապրում մեր այդ զինծառայողը, ինչ են անում նրա հետ, ինչ բռնությունների են ենթարկում, տանջում են: Եվ այս իրավիճակում պարզապես բնազդի տեսքով բան է մնացել՝ մարդ ուզում է՝ միայն իրեն ինչ-որ ձևով հանգիստ թողնեն որոշ ժամանակով, և սկսում է այսպիսի բաներ անել: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում Ադրբեջանում:
Բնական է՝ սա որևէ ձևով չի կարող լինել նյութ, որին պետք է հավատանք, որից պետք է ինչ-որ լուրջ հետևություններ անենք: Ո՛չ: Սա ուղղակի քաղաքականացված շոու է, մարդկային ճակատագրի ողբերգություն, տվյալ դեպքում Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի: Սա նաև ցույց է տալիս, թե իրոք ինչ արատներով է հիվանդ Ադրբեջանը: Այս պետությունը լավ ավարտ չի ունենալու: Սա միանաշանակ է, որովհետև չի կարելի պետականաշինության ողջ փիլիսոփայությունը կառուցել ատելության, չարության վրա: Նման մոտեցումը հենց Ադրբեջանի համար ուշ թե շուտ ողբերգության ու աղետի է բերելու»:
Դավիթ Բաբյանի խոսքով՝ զինվորի կողմից տեսանյութում հայտնված խոսքերին չի կարելի լուրջ վերաբերվել. ըստ նրա՝ տարածված նախորդ տեսանյութում, օրինակ, Անդրանիկ Գրիգորյանը տալիս էր անուններ, սակայն նման հրամանատարներ չեն ծառայում պաշտպանության բանակում. «Եթե նույնիսկ ինչ-որ մարդկանց անուններ տա, որպեսզի հավաստի երևա, չի նշանակում, որ նման բան կա: Ուղղակի կրկնում եմ՝ ինքը վաղը կարող է խոստովանել, որ ինքը մասնակցել է Քեննեդու սպանությանը կամ Նեմցովի սպանությանը, կամ մասնակցել է տարբեր ահաբեկչական գործողությունների, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում կամ էլ պետք է տեղի ունենան: Այս ամենը հո չի՞ նշանակում, որ այդ մարդն իրոք մասնակցել է կամ ուզում է դա անել, բայց ստիպված է, նրան ուղղակի տանջամահ են անում»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է լուրջ հետևություններ անի, քանի որ այսպիսի պահվածքը միջազգային մի շարք նորմերի խախտում է պարունակում: «Սա ուղղակի ցույց է տալիս, թե ինչպիսի աննորմալ պետություն է Ադրբեջանը, այլ ոչ թե ցույց է տալիս Ադրբաջանի հզորությունը կամ, որ բոլորն ուզում են փախչել, գնալ Ադրբեջան: Իրենք՝ ադրբեջանցիներն են փախչում Ադրբեջանից»,- ասաց Դավիթ Բաբայանը: