Հիշողությունը շարունակ տանջում է խելագարված զինվորին, դրական տեղաշարժ չկա. 1in.am
1in.am-ը գրում է. Արարատ քաղաքի՝ երբեմնի հանրակացարան հիշեցնող կիսախարխուլ շենքում սոցիալական ծանր պայմաններում է ապրում 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի ընտանիքը: Հովիկը բանակում 14 ամիս ծառայելուց հետո հոգեկան խանգարում է ստացել և առ այսօր բուժվում է: Բուժման համար հայրը՝ Վարդան Վարդանյանը, ամսվա մեջ մի քանի անգամ պետք է Հովիկին բերի Երևան: Երևան բերելու համար նրան ամեն անգամ նվազագույնը 10.000 դրամ է պետք: Պաշտպանության նախարարությունից նախ ասել են՝ դիմում գրի, որ ճանապարհածախսի հարցերը լուծեն, ապա մեկ ամիս առաջ պատասխան նամակում նշել են, որ օրենքներ են փոխվել, չեն կարող փոխանցել:
«Դիմումը գրեցի, 100.000 դրամով խնդրեցի օգնել գոնե ճանապարհածախսի համար, բայց այս անգամ պատասխանեցին, որ օրենքում նման կետ չկա, չեն կարող աջակցել. եթե մահ լինի, երկրաշարժ լինի, կամ ծնողներից մեկը մահանա, նոր կօգնեն: Ասացի՝ հաշվեք, թե մահացած եմ, ասացի՝ խադյաշի տրուպ եմ»,- սրտնեղած ասաց Վարդան Վարդանյանը:
Նյարդաբան Հենրի Բակունցն արդեն երկու տարի է՝ բուժում է Հովիկին, դրա համար էլ չեն ուզում դադարեցնել նրա բուժումը: Բժշիկն ասել է, որ Հովիկը դեղերը դեռ պետք է խմի:
«Աստծու հույսով ենք»,- ասաց հայրը:
Այս կացարանի երկու սենյակը ընտանիքի սեփականությունը չէ, տուն չունեն: Նախարարությունը մարզպետարանի հետ միասին որոշել է խնդրին լուծում տալ:
«Գնացի մարզպետարան, ասացին՝ թղթերը բեր, տան հարցով կաջակցենք, մի բան կստացվի»,- ասաց Վարդան Վարդանյանը՝ հույսով, որ իրականություն կդառնա Հովիկի երազանքը: Հովիկը երազում է Երևանում ապրել, հոգնել է հանրակացարանային պայմաններից:
Հիմա միակ խնդիրը որդուն Երևան՝ բժշկի հասցնելն է, որ պետք է գոնե շաբաթը մեկ իրականացնել, բայց գումար չլինելու պատճառով 15 օրը մեկ էլ չեն կարողանում բերել: Ամեն անգամ նվազագույն ճանապարհածախսը կազմում է 8000-10.000 դրամ, իսկ այս պահին տանն աշխատող չկա: Գործարանում աշխատող հայրը ամիսներ շարունակ պատվեր չունի, ուստի աշխատավարձ էլ չի ստանում: Հովիկի 40.000 դրամ թոշակն է, որն անգամ Հովիկի ծխախոտին չի բավականացնում, քանի որ նա օրական ծխում է մի քանի տուփ ծխախոտ և շարունակ սուրճ է խմում:
«Հովիկի առողջության հարցում դրական դինամիկա չկա, մեկ նորմալ խոսում է, մեկ էլ տասը րոպե հետո փոփոխական է՝ սենյակում չի թողնում հեռուստացույց նայենք: Մեկ էլ ասում է, թե պապ՝ էնքան լավ եմ, առաջվա Հովոն եմ, տասը րոպեից հետո նորից նույնը, ասում է՝ էս եմ հիշում, էն եմ հիշում, նենց բաներ է խոսում, որ զարմանում եմ, հիշողությունները տանջում են Հովոյին»,- ասաց հայրը՝ հավելելով, որ միակ սփոփանքն այն է, որ դեղերն անվճար են ստանում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: