Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեծ պահքի շրջան է և ես ներում եմ Սերժ Սարգսյանին իմ ընտրության գողության համար»
«Մեծ պահքի շրջան է և ես ներում եմ Սերժ Սարգսյանին իմ ընտրության գողության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսելով Սերժ Մարգսյանի և «Ժառանգության» անդամների հանդիպման մասին։ Նա տեղեկացրեց, որ իր բացակայության ժամանակ եղել է «ժառանգություն» կուսակցության միջկուսակցական ոչ պաշտոնական խորհրդակցություն և ոչ թե նիստ։ «Իմ բացակայության ժամանակ պատասխանտու էր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանը և Հակոբյանը լիազորություններից դուրս չէին եղել, եղել են մեթոդաբանական սխալներ, բայց նրանք իրենց լիազորություններից դուրս չեն գործել»։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը չէր գնա այդ հանդիպմանը, բայց տեղյակ էր հանդիպման հնարավորության մասին։ Նա չհամաձայնեց Զարուհի Փոստանջյանի այն հայտարարության հետ, որ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը գնացել են նախագահի հետ հանդիպման որպես «Բաղրամյան 26-ի հաճախորդներ»։
«Այն, որ ես ոչ մի հրավեր չեմ ստացել Սերժ Սարգսյանից և հրավերը եղել է բանավոր ԱԺ–ի նախագահի կողմից՝ դա նշանակում է, որ եղել է ոչ պաշտոնական միջկուսակցական հանդիպում։ Մենք այս ինքնանպատակ խաղերին այլևս չենք մասնակցելու։ Ամեն մեկս «Ժառանգությունում» սխալ ենք գործել և մենք այն ուժն ենք, որ ասում ենք որ մենք սխալ ենք եղել»։