Բաժիններ՝

«Տևական պատերազմի մեջ գտնվող երկրում բոլորը պետք է համատարած զինպատրաստություն անցնեն, թե՛ տղաները, և թե՛աղջիկները». Հրանուշ Խառատյան

Այս օրերին, երբ ղարաբաղաադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է, կարծիքներ են հնչում, թե սահմանում պաշտպանությունն ուժեղացնելու համար հարկավոր է այնտեղ ուղարկել վետերաններին: Ո՞ւմ ավելի արդյունավետ կլինի սահմանային գծում կանգնեցնել՝ պայմանագրային զինծառայողի՞ն, պարտադիր զինծառայության մեկնածի՞ն, թե՞ երկրապահ վետերաններին:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով այս խնդրի մասին՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ պայմանագրային զինծառայությունն այդ պարագայում ոչինչ չի փոխելու. «Որովհետև պայմանագրով գնալու են ոչ միայն զինվորական գործի նվիրյալներ կամ նույնիսկ հայրենասերներ, այլև գնալու են հանուն դրամի, իսկ դա նշանակում է, որ գոնե Հայաստանի մակարդակով, քանի դեռ պայմանագրային զինծառայությունը չի դուրս գալիս Հայաստանի շրջանակներից և քաղաքացիությունից դուրս, մեծ հաշվով, այստեղ բան չի փոխվելու, եթե չասենք, որ ավելի է վատացնելու»:

Խոսելով վետերաններին սահման ուղարկելու մասին գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) և Ժիրայր Սէֆիլյանի առաջարկների մասին՝ Հ. Խառատյանը նշեց, որ չի կարծում, որ ճիշտ է:  «Բացի այդ, վետերանները  շատ տարբեր են: Մենք ունենք 1993 թվականին 20-ամյա վետերան, որն այսօր 45 տարեկան է, նրանք իսկապես գուցե փորձում են, և գուցե նրանց մեջ կան, որ կուզենային բանակում ծառայել, և ես գիտեմ, որ ռեալ կան, որ պայմանագրային ծառայողներ են: Բայց ես նույնպես չեմ կարծում, որ վետերանների վրա պետք է այսօրվա, հատկապես՝ սահմանային բանակային ծառայությունը կառուցվի»,- նշեց բանախոսը:

Ըստ Հ. Խառատյանի՝ գուցե մենք իսկապես ունենք (հատկապես սահմանային տարածքներում) փորձառության և գիտելիքի համամասնության խնդիր. «Ես ժամանակին նույնիսկ ասում էի, որ տևական պատերազմի մեջ գտնվող երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետք է համատարած զինպատրաստություն անցնեն, թե՛ տղաները, և թե՛աղջիկները: Սա ո՛չ մեր գյուտն է, ո՛չ էլ մեր տարօրինակ փորձառությունը, աշխարհում շատ կան այս երևույթները»:

Հ. Խառատյանը կարծում է նաև, որ սահմանային գոտիներն ու ամբողջ բնակչությունը պետք է լուրջ պաշտպանական պատրաստվածություն ունենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս