ԵՄ-ի անդամ 7 երկիր պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից. Bloomberg
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ հայտնի են ԵՄ-ի անդամ այն երկրները, որոնք պատրաստ են հրաժարվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից: Գործակալության տվյալներով՝ այդ երկրներն են Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան, Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան ու Իսպանիան:
Գործակալությունը պարզաբանում է, որ այդ եզրակացությունները հենված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների վրա: Փետրվարի վերջին Մոսկվա այցելեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, իսկ մարտի սկզբին՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Ապրիլին Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ինչ վերաբերում է Հունգարիային, Սլովակիային, Ավստրիային ու Իսպանիային, ապա դրանք այն երկրներն են, որոնք նախկինում էլ հանդես են եկել հակառուսական սահմանափակումների դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Գործակալությունը հավանական է համարում, որ այդ 7 երկրները ներկայումս կհրաժարվեն պատժամիջոցները երկարաձգելուց և մինչև վերջին պահը կձգեն այդ մասին որոշման ընդունումը, մինչև որ լրանա սահմանված պատժամիջոցների ժամկետը:
Գործակալությունն ընդգծում է, որ մինույն ժամանակ ԵՄ-ում կան մի շարք երկրներ, որոնք ակտիվորեն հանդես են գալիս Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգելու ու խստացնելու օգտին: Դա մասնավորապես վերաբերվում է Լեհաստանին, Մեծ Բրիտանիային ու Բալթյան երկրներին:
ԵՄ-ի գագաթաժողովը Բրյուսելում անցկացվելու է մարտի 19-20-ին: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ԵՄ-ում չկա միասնական կարծիք Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու հարցում: