«Պառլամենտական համակարգի անցումը շատ դրական եմ համարում՝ անկախ նրանից՝ լա՞վ, թե՞ վատ կառավարիչ է Սերժ Սարգսյանը». Արարատ Զուրաբյան
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, վարչությունը միշտ կողմնակից է եղել պառլամենտական կառավարմանը և գտել է, որ Հայաստանը՝ որպես պառլամենտական պետություն, ժողովրդավարության կայացաման գործընթացում կարող է որոշակի հաջողություններ գրանցել:
Լրագրողներից մեկի հարցին՝ որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, կարո՞ղ եք ասել՝ մի բան, որը նախաձեռնել և փորձում է իրականացնել Սերժ Սարգսյանը, կարո՞ղ է լավ լինել, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ աշխարհում չկա որևէ վատ կառավարիչ, որի արած գործերի մեջ չկարողանաս գտնել մեկ-երկու կամ տասնյակ դրական քայլեր.
«Խոսքն այն մասին չէ, որ լավ կառավարիչ է Սերժ Սարգսյանը: Մենք խոսում ենք այն մասին, որ վատ համակարգ է ստեղծված, և ինչ կառավարիչ էլ լինի, այդ կառավարիչը ստեղծելու է այն իրականությունը, որը մենք ունենք»:
Հարցին՝ Սերժ Սարսգյանը վա՞տ կառավարիչ է, Ա. Զուրաբյանն այսպես պատասխանեց.
«Ես դա բազմաթիվ անգամներ ասել եմ՝ լավ կառավարիչը չէր կարող 10 տարի կառավարել երկրում և ունենալ մի վիճակ, որին մենք ականատես ենք: Դրա հիմնական մեղավորներից մեկը Սերժ Սարգսյանն է և այս գործող համակարգը»:
Հարցին էլ՝ վատ կառավարիչը լավ բան կարո՞ղ է անել, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ լավ կամ վատ կառավարիչ լինելը որևէ կապ չունի նրա հետ, որ նախաձեռնվել են Սահամանդրական փոփոխություններ. «Սահմանադրական փոփոխությունները, պառլամենտական համակարգի անցումը շատ դրական եմ համարում և կարևորում եմ դա՝ անկախ նրանից՝ լա՞վ, թե՞ վատ կառավարիչ է Սերժ Սարգսյանը: Ես գտնում եմ, որ պետք է օգտվել այս իրադրությունից և Սահմանադրությունը վերափոխել: Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, խիստ կասկածներ ունեմ, որովհետև նույն իշխանությունը կարող է վերջում արթնանալ ձախ ոտքից և ասել, որ, ասենք՝ «մենք որոշեցինք կիսանախագահականը պահպանել»: Կարող է նաև աջ ոտքից արթնանալ ու ասել, որ Սահմանադրական փոփոխությունները պետք է անեն, դա կլինի շատ դրական: Ո՛չ Սերժ Սարգսյանն է հավերժ, ո՛չ որևէ մեկ այլ մարդ, բայց եթե դու այս համակարգը թողնես ու փորձես այն հավերժացնել, մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որը որևէ մեկիս համար դուրեկան չէ»: