Չնայած դիվանագիտական հայտարարություններին` Գերմանիան շարունակում է թուրքամետ քաղաքականությունը տարածաշրջանում. Ժիրայր Քոչարյան

168.am-ի զրուցակիցն է Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությունն օրերս եղավ Հայաստանում: Այցի ընթացքում, բնականաբար, քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունները, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը, Ցեղասպանության 100-ամյակը, ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում ավելի ակտիվ է քննարկվում Գերմանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխության, հատկապես՝ Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության փոփոխության, դիվերսիֆիկացման հարցը: Այս կարծիքները որքանո՞վ են, ըստ Ձեզ՝ հիմնավոր, և Գերմանիան այդ փոփոխությունների կոնտեքստում պատրա՞ստ է փոխել վերաբերմունքը Ցեղասպանության հարցում:

– Ես հետևել եմ լրահոսին՝ «Դաշինք 90/Կանաչների» ՀՀ կատարած այցի վերաբերյալ: Բայց գոնե այս տարի չեմ լսել, որ Կանաչները փորձեն Բունդեստագում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը: Դա մինչ այժմ փորձել է անել Գերմանիայի «Ձախերի կուսակցությունը» (Die Linke), ու ես չեմ կարծում, որ որևէ բան փոխվի, կամ ապրիլի 24-ին Գերմանիայից որևէ պատվիրակություն գա ՀՀ՝ մասնակցելու այդ արարողությանը: Չեմ հավատում այդպիսի փոփոխություններին: Չի բացառվում, որ Բունդեստագում պարզապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումներից առաջ արձանագրվի այն նույն բանը, ինչ 2005թ.: Այսինքն` Գերմանիան ընդունի, որ շատ տխուր իրադարձություն է տեղի ունեցել, հիշեցնի, որ հայերը զանգվածաբար կոտորվել են, քշվել դեպի Սիրիայի անապատներ, բայց այստեղ այդ կարևոր երկու եզրերը, որոնք ունեն իրավաբանական ուժ, այսինքն` «ցեղասպանություն», «բռնատեղահանում», նորից չեն ասելու, այսինքն` մինչև հիմա այդպիսի նախանշան չկա Կառավարության կամ Բունդեստագի կողմից: Շատ կուրախանայի, եթե այդպես լիներ:

Ես հակառակը պետք է ասեմ, որ քաղաքացիական կազմակերպություններն են, որ շատ մեծ ջանքեր են ներդնում Գերմանիայում, և օր չկա, որ որևէ միջոցառում, որևէ գրքի շնորհանդես չլինի կամ հեռուստացույցով չլուսաբանվեն միջոցառումները, անդրադարձ չլինի: Սա մեզ շատ է ուրախացնում, որովհետև, երբ խոսվում է Ցեղասպանության մասին, մի քանի հոգի, որոնք գրքերի հեղինակներ են, հիշատակում են տեղի ունեցածի մասին, չեն հիշատակում կոնկրետ Հայոց ցեղասպանությունը: Այսինքն` Գերմանիայի պատմաբանները Ցեղասպանությունը դեռ չեն ընկալել և իրենց աշխատություններում չեն հիշատակում: Հասարակությունը սկսում է կամաց-կամաց հետաքրքրվել, իմանալ և այլն, դա է մեզ ուրախացնում: Ես կարծում եմ, որ այդ զարգացումը դեռ կշարունակվի:

– Պայմանավորված ուկրաինական ճգնաժամով` տեսակետներ հնչեցին, թե Գերմանիան կակտիվացնի իր ներկայությունը տարածաշրջանում, կհավասարակշռի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ի՞նչ եք կարծում այս մասին, և այդ փոփոխությունն ինչպե՞ս կարդյունավորվի:

– Ես նման միտումներ չեմ նկատել: Մի քանի գերմանական թերթեր վերջերս գրեցին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին, այնինչ այդ մասին լռում էին անցյալում: Սա փոփոխված վերաբերմունքի կամ քաղաքականության դրսևորում է: Սակայն, մեծ հաշվով. մեծ հետաքրքրություն տարածաշրջանի նկատմամբ ես չեմ նկատում: Ընդհակառակը՝ ամեն օր, ամեն ժամ Գերմանիայի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, Ռուսաստանի հետ թշնամությունը: Այս թեմաների առնչությամբ ամեն հարց դրվում է խոշորացույցի տակ, և Պուտինն ամբողջ աշխարհի և Գերմանիայի թիվ 1 թշնամին է. հարցն այս ուղղությամբ է գնում:

– Տարեսկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոր անհանգստություն էր հայտնել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ առաջարկելով Գերմանիայի ավելի ակտիվ մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Սա չի՞ խոսում արդյոք այդ փոփոխության մասին:

– Եթե դիվանագետների խոստումներին հավատանք, շատ կհուսախաբվենք: 2005թ. Բունդեստագի որոշման հայտարարությունում ամրագրված էր, որ Գերմանիան տեղեկատվություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ և պարտավորվում է միջամտել հայ-թուրքական երկխոսության գործընթացին, գերմանական դպրոցներում պետք է Ցեղասպանության մասին խոսվի, և այլն, և այլն, որոնցից ոչ մեկը չկատարվեց, և այդ մասին չի խոսվում: Ի՞նչ պետք է անի Գերմանիան Մինսկի խմբին օգնելու համար և ի՞նչ է արել մինչև հիմա:

Ես հակառակն եմ լսել ու տեսնում, որ չեն ճանաչում ԼՂ քաղաքական միավորումը, պնդում, որ ԼՂ-ն ադրբեջանական հող է և պետք է վերադարձվի, և այլն: Այսինքն` ես հիմքեր չեմ տեսնում, այդ մասին ասվում է, բայց էական արդյունքներ չենք ունենում, քանի որ գործողություններ չեն իրականացվում այդ ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որոնք անկախ են, դժբախտաբար, դերակատար չեն: Դժբախտաբար, հայերը պահանջներ չեն ներկայացնում, չեն առաջարկում, նախաձեռնողականություն ցուցաբերում: Ուստի հարցերը պետք է մնան այնպես, ինչպես ներկայում են:

– Ինչպիսի՞ և ի՞նչ մակարդակի ակտիվության մասին է խոսքը, նկատի ունեք Հայաստանի արտաքին քաղաքականությո՞ւնը:

– Արցախի հարցն ու Ցեղասպանությունը տարբեր խնդիրներ են: Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի հայերի պահանջով պետք է բարձրացվի՝ որպես խնդիր Գերմանիայում, բայց, դժբախտաբար, մենք այստեղ կազմակերպված չենք, մեր թվաքանակը շատ քիչ է, տարբեր երկրներից են գալիս, չեն հասցնում մերվել իրար հետ, չունենք այստեղ մտավորականություն: Դժբախտաբար, մենք չենք փորձել կապ հաստատել գերմանացի մտավորականների և քաղաքական այլ գործիչների հետ, որոնք կցանկանային մեզ օգնել, մենք չենք փորձել հույների, ասորիների, արաբալեզու քրիստոնյաների հետ աշխատել, որոնք նույն ճակատագրին են արժանացել, և նրանք նույնպես ցեղասպանվել, կոտորվել և Փոքր Ասիայից քշվել են, դա տեղի չի ունեցել:

Գերմանիայում, իհարկե, դա դժվար է իրականացնել, որովհետև Գերմանիան ավանդաբար թրքամետ երկիր է, ամեն ինչ Թուրքիայի մասին գիտի: Հայերը և Հայկական հարցը բնավ կարևոր չեն իրենց համար, որովհետև Գերմանիան մեղսակից է թուրքերին, և թուրքերն այստեղ մտել են գերմանական տարբեր հիմնարկներ, կուսակցություններ, քաղաքական միավորումներ՝ դառնալով դերակատար, իսկ հայերն այդ ուղղությամբ դեռ աշխատանք չեն տարել մի շարք պատճառներով:

 

Տեսանյութեր

Լրահոս