Գ.Իսագուլյան. «Դեռ դիակը տաք-տաք դրած էր, արդեն կինը հարևան սենյակում հաճախորդներին հերթի էր կանգնեցրել»
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ինձ համար ողջունելի է, բայց դա ողջունելի կլիներ, եթե այդ ամեն ինչը տեղի ունենար մինչև փետրվարի 12-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարբեր քաղաքական ուժերի հետ Սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման կապակցությամբ ունեցած հանդիպումների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան:
Գ. Իսագուլյանի մոտ վերջին օրերին տպավրություն է ստեղծվել, որ Հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթը ամբողջությամբ իրականությանը համապատասխանող էր՝ բացի մեկ դիտարկումից, որ պարոն Ծառուկյանը պետք է չզբաղվի քաղաքականությամբ. «Որովհետև հիմա պարզվում է, որ մինչև փետրվարի 12-ը Հայաստանի քաղաքական կյանքում կար 1 քաղաքական գործիչ՝ պարոն Ծառուկյանը, բավական է՝ պարոն Ծառուկյանը դուրս եկավ այդ քաղաքական դաշտից, ու պարզվեց, որ քաղաքական դաշտում ընդհանրապես քաղաքական կազմակերպություններ չկան, և, պատկերավոր ասած, ինչպես ասում են՝ դեռ դիակը տաք-տաք դրած էր, արդեն կինը հարևան սենյակում հաճախորդներին հերթի էր կանգնեցրել: Լավ, սպասեիր 2 շաբաթ անցներ, մի քիչ իրավիճակ փոխվեր, կամ ապրիլի 24-ն անցներ»:
Գ.Իսագուլյանը նկատեց, որ Գ. Ծառուկյանը կողմ էր բանկացություններին և հայտարարում էր, որ անհրաժեշտ է և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների հետ բանակցել, տեսնել, թե ինչ է տեղի ունենում շուրջը, իսկ նրան շրջապատողները բացառում էին նման կարգի որևէ երկխոսություն այդ ծանր օրերին. «Հիմա ամսի 5-ից հետո բոլորը շարք են կանգնել երկխոսելու: Սա՛ է, որ ցավ է պատճառում, սա՛ է, որ ցույց է տալիս, որ Հայաստանում սկզբունքային քաղաքական կուսակցություններ, քաղաքական միավորներ, գործիչներ գոյություն չունեն: Համաձայն լինելով Սերժ Սարգսյանի բոլոր ասածների հետ՝ կողմ չեմ մեկ ասածին՝ Հայաստանում կար 1 քաղաքական գործիչ, որը պարոն Ծառուկյանն էր, որը հետ քաշվեց և ցույց տվեց, թե ինչքան ամայի է մեր քաղաքական դաշտը»:
Նա նաև նշեց, որ, լինելով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից՝ ինքն այսօր միայն սկզբունքայնության համար դեմ է լինելու Սահմանադրական փոփոխություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: