Կորսված հնարավորությունների խորհրդանիշը
Երեկ Երևանում պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը։ Համաշխարհային հեղինակավոր այս ցանցի ներկայությունն իսկապես նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար և արդարացիորեն ոգևորել է շատերին ինչպես` կենցաղային մակարդակում, այնպես էլ` որպես տնտեսական-քաղաքական իմաստով աննախադեպ քայլ մոնոպոլացված տնտեսություն ունեցող երկրի համար։ Բայց «Քարֆուրի» բացումն իսկապես նշանակալի լինելով` ցույց է տալիս նաև Հայաստանի թշվառությունը։ Եթե Հայաստանը չհրաժարվեր Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից ու չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, «քարֆուրների» ու եվրոպական այլ հեղինակավոր բիզնես միավորների մուտքը Հայաստան լինելու էր ոչ թե աննախադեպ, այլ օրինաչափ երևույթ։
Եվրոասոցացումը հեռանկարում հանգեցնելու էր նաև Հայաստանի տնտեսության եվրոպականացմանը, Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տնտեսական տիրույթին` դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հայաստանն իրեն զրկեց այդ հնարավորությունից, ինչի արդյունքում այսօր ստիպված ենք այսքան ոգևորվել եվրասիականացվող Հայաստանում եվրոպական բիզնեսի այսպիսի ներկայացվածությամբ։