Թոմաս Էդիսոնը փորձել է ստեղծել հանգուցյալների հետ զրուցելու սարք
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թոմաս Էդիսոնը փորձել է ստեղծել հանգուցյալների հետ զրուցելու սարք: Այս մասին վկայել է ամերիկացի գյուտարարի հուշերի քիչ հայտնի գլխի ֆրանսերեն թարգմանությունը:
Էդիսոնը նման սարք ստեղծելու փորձերի մասին պատմել է իր գրառումների վերջին գլխում (Diary and Sundry Observations), որը հրապարակվել է նրա մահից հետո՝ 1948 թվականին: Սակայն Էդիսոնի հուշերի անգլալեզու տարբերակում բացակայում է այդ գլուխը, ուր նա նկարագրել է նման փորձերի մասին:
Այն պահպանվել է 1949 թվականին ֆրանսիական հրատարակման մեջ և այնտեղից էլ տեղափոխվել է գյուտարարի մասին նոր գիրք, որը Ֆրանսիայում ներկայացվել է 2015 թվականի մարտի սկզբին: Ձայնագրի գյուտով հայտնի Էդիսոնն այդ սարքի ստեղծման փորձերը ձեռնարկել է 1870-ական թվականների վերջին:
Ավելին, նա պայմանագիր էր ստորագրել իր ընկեր, ինժեներ Ուիլյամ Ուոլթեր Դինուիդիի հետ, որ իրենցից ով մահանա առաջինը, կփորձի մյուսին ուղերձ հղել այն աշխարհից: Էդիսոնը համոզված է եղել ոչ միայն ուրվականների գոյության, այլև՝ նրանց խոսելու հարցում, և հուսով է եղել լսելի դարձնել հանգուցյալների ձայները: