Ի՞նչ է ասել Ալեքսանդր Մակեդոնացին Սամվել Բալասանյանի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ՀՀԿ-ում «Բարգավաճի» անփառունակ վախճանից «թուլացել ու հաճույք» են ստանում, բայց կա մեկը, ով «մեռած ու թաղած» չէ, քանի որ ԲՀԿ-ի դժբախտությունը կարող է սեփական դժբախտության համար հող նախապատրաստել։ Խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, ով երբևէ չի թաքցրել իր ամբիցիաները՝ Գյումրին նորից ղեկավարելու։

Մինչդեռ նրա «օդերը» կարծես բոլորովին փակվեցին։ Փաստորեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը համարեց, որ իր ճակատին դեռ ՀՀԿ-ի գրության համար տեղ է մնացել, և երեկ հրաժարվեց խորտակվող ԲՀԿ-ից, ու չի բացառվում, որ ապագայում ապահով ապաստան գտնի՝ համալրելով ՀՀԿ-ի շարքերը։ Ղուկասյանի ճանապարհները կարծես փակվում են բոլոր կողմերից, ԲՀԿ-ն լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանի մասին շրջանառվող լուրերը նույնն են ասում, որ մեծ ցանկություն ունի մասնակցելու հաջորդ տարի սպասվող Գյումրու քաղաքապետի ընտրություններին։

Թեև հերոսական նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ վստահեցնում էր, որ ինքը բոլորովին անտարբեր է ԲՀԿ-ի վայրիվերումներին։ «Առավել ևս նման մարդը ո՞նց կարող է խոչընդոտ դառնալ իմ ճանապարհին»,- Բալասանյանի մասին հարցից վրդովված ասել է Վարդան Ղուկասյանը՝ նշելով, թե ինքը չի ուզում «նմանատիպ» մարդուն անդրադառնալ. «Որովհետև ես մեղքում եմ նրան»։

Վարդան Ղուկասյանն ասում է, որ պաշտոնի ու փողի կորուստն իրեն չի կարող հուսահատեցնել, ինքն ապրում է «վերին Երուսաղեմի» համար. «Իմ ամենակարևոր նպատակը նա է, որ այս կյանքում կարողանանք փրկվել, հավիտենական կյանքում տեղ ունենալ, թե չէ նմանատիպ բաները, պաշտոնից զրկվելն այն մարդկանց համար է վախի ու հուսալքության պատճառ հանդիսանում, որոնք կարող են, եթե, ասենք, թուրքը գա, ասեն՝ ունեցվածքդ կկորցնես, թուրք դարձի, իրենք րոպեական թուրք կդառնան»»։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին թերթի թղթակցի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը տալիս է հետևյալ գնահատականը. «Նման մարդիկ միայն «փոխխոսնակ» են դառնում, (Բալասանյանն ՕԵԿ եղած տարիներին որոշ ժամանակահատված զբաղեցրել է Աժ փոխխոսնակի պաշտոնը)։ Ալեքսանդր Մակեդոնացին ասել է, որ երբ որ ոչխարներին ղեկավարում է առյուծը, դա օրինաչափ երևույթ է, բայց երբ որ առյուծներին ղեկավարում է ոչխարը, ողբամ զքեզ, Գյումրի քաղաք»,- ասում է Վարդան Ղուկասյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս