Բաժիններ՝

5 մարդ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Ղազախստանի նախագահական ընտրություններում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջիկա վաղաժամ ընտրություններում առաջադրվելու իրենց մտադրության մասին հայտարարել է մի քանի մարդ, այդ թվում նաև մեկ կին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի ԿԸՀ-ի անդամ Մարատ Սարսեմբաևը:

Նա մանրամասնել է, որ ապագա թեկնածուների թիվն առայժմ կազմում է 4-5 մարդ, որոնք երկրի շարքային քաղաքացիներ են, և որոնցից մեկը կին է: Սարսեմբաևը հայտարարել է, որ նրանց դեռ չի կարելի անվանել թեկնածու, քանի որ նրանք պետք է ներկայացնեն երկրի 11 շրջաններում իրենց աջակցության ստորագրություններով թերթիկներ, ապա լեզվաբանական ահանձնաժողովը կստուգի պետական լեզվի հարցում նրանց իմացությունը և կկայացնի համապատասխան որոշում:

Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են ապրիլի 26-ին: Նման որոշում է ընդունվել բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների դիմումներից հետո:

Բացի այդ, նախագահական ընտրություններն այս տարի անցկացնելու որոշմանը նպաստել է այն հանգամանքը, որ հաջորդ տարի երկրում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնք այդպիսով կհամընկնեին նախագահական ընտրությունների հետ:

Նազարբաևը Ղազախստանը գլխավորում է 1989 թվականից՝ նախ զբաղեցնելով Ղազախստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի, ապա՝ Ղազախստանի նախագահի պաշտոնները: Ղազախստանում նախագահական նախորդ ընտրություններն անցկացվել են 2011 թվականի ապրիլին: Նազարբաևը դրանց արդյունքներով հավաքել էր քվեների 95.5 տոկոսը՝ գրանցելով նոր ռեկորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս