Ազգությամբ հնդիկ Կապիլ Դասը միացել է համահայկական ֆլեշ մոբին
Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից նախաձեռնված համահայկական «Վառիր քո մոմը» ֆլեշ մոբը շարունակում է ծավալվել: Ֆլեշ մոբին արդեն միացել են մասնակիցներ ինչպես Հայաստանից, այպես էլ արտերկրից, ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Օրերս ֆլեշ մոբին է միացել նաև Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող` ազգությամբ հնդիկ Կապիլ Դասը:
Հիշեցնենք, որ ֆլեշ մոբի միջոցով կենտրոնն ընդգծում է, որ Եղեռնի 100-ամյակն իրականում Վերածննդի խորհուրդ ունի և որ հենց այդքան պահանջվեց հայերից կրկին ամուր ոտքի վրա կանգնելու համար: Այս եղանակով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլ ամսին խորհրդանշական թվով` 1.5 միլիոն հայերի հրավիրել Հայաստան:
Համահայկական ֆլեշ մոբին ցանկության դեպքում կարող է մասնակցել ցանկացած հայ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Դրա համար ֆլեշ մոբի մասնակիցը տեսանյութի միջոցով Հայաստան ժամանելու հրավեր է ուղարկում արտերկրում բնակվող հայի: Ձեռքում բռնելով վառվող մոմ` մասնակիցը դրսում գտնվող իր ընկերոջը կամ բարեկամին կոչ է անում ապրիլին գալ Հայաստան` միասին այդ մոմը վառելու: Այնուհետև` տեսանյութի վերջում, մասնակիցը նշում է մի քանի հոգու` ներգրավելով նրանց ֆլեշ մոբին:
Կից ներկայացնում ենք Կապիլ Դասի հրավեր-հոլովակը և կոչ անում լրատվամիջոցերի ներկայացուցիչներին ևս միանալ այս կարևոր նախագծին: