«Ամեն անկյունում 4 տեսախցիկ կա, ո՞նց է, որ չեն ֆիքսում, թե էդ դիմակավորված բանդաները որտեղից եկան, ուր գնացին»

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջապես գտել է մի ոլորտ, որտեղ կառավարությունը հաջողացրել է 18% աճ ապահովել 2012-13թթ. ընթացքում: Ըստ նրա՝ դա արագաչափերի և տեսախցիկների մասով է, որ 2013թ-ին 8 մլրդ 950 մլն դրամ հավաքագրում է ապահովել, իսկ 2014-ին՝ 10 մլրդ դրամ: Մինչդեռ, Փաշինյանի խոսքով, 12%-ով ավելացել է ճանապարհային պատահարների արդյունքում տուժածների թիվը:

«Ստացվում է, որ ոչ մի պոզիտիվ փոփոխություն չկա: Այդ գումարը ՀՀ քաղաքացիները, որ ծախսում էին իրենց երեխաների համար, հիմա տալիս են Ոստիկանությանը, որ 50/50 կիսվում է «Սեքյուրիթի դրիմի» հետ, իսկ Ոստիկանությունը ոչինչ չի տալիս քաղաքացիներին,- ասաց Փաշինյանը՝ ընգծելով, որ փոխարենը Երևանում ավելացել է դիմակավորված հանցագործությունների թիվը,- Էդ փողերը մեզնից տանում եք, բա հետո ի՞նչ եք անում, որ ոչ մի տեղ արդյունք չի երևում»:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց, որ որևէ դրական տեղաշարժ չկա: Նրա խոսքով՝ վիճակն այնքան սարսափելի չէ, որքան Փաշինյանն է նկարագրում: Նա նշեց, թե տեխնիկայի ծածկույթի դաշտում հանցավորության 85-90% նվազում է եղել, մարզերում ճանապարհատրանսպորտային դեպքերը նվազման են գնում, 24%-ով զոհերի թիվն է նվազել: Նախարարը հայտարարեց, որ ՀՀ-ում հաշվառված մեքենաների թիվը 150 հազարով ավելացել է, ինչի հետ կապված է դեպքերի ցուցանիշի մեծացումը:

«Մտահոգությունը կիսում եմ, որովհետև մենք տոկոսներով խոսում ենք զոհերի ու մարմնական վնասվածքների մասին, ինչը տհաճ է և ցանկացած դեպք պետք է ուշադրության առարկա լինի: Կառավարությունը փորձել է համալիր կանոնակարգման գործողություն իրականացնել: Միայն արագաչափերով խնդիրը գլոբալ լուծել հնարավոր չէ»,- ասաց Մանուկյանը:

«Ասում են՝ իրավիճակն այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է, բայց ասում են՝ սատանան էլ այնքան սարսափելի չէ, ինչքան թվում է: Թիվն անշեղորեն աճում է: Երևանում գործում է դիմակավորված անձանց բանդա: Ամեն անկյունում 4 տեսախցիկներ կան: Ո՞նց է, որ չեն ֆիքում, թե էդ բանդաները որտեղից եկան, ուր գնացին: Ստացվում է, որ դրանք կազմակերպում է կառավարությունը, Սերժ Սարգսյանը: Երբ առևանգում, տանում, ծեծում ու խոշտանգում են մարդուն, որը դեմ է իշխանությանը, ապա այդ կամերաները օգտագործում եք հանցագործությունները կազմակերպելու համար: Հայտնի պատգամավորն ասել է՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, նալն էլ: Փողն էլ վերցրել եք: Ինչո՞ւ չեք բացահայտում»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Նկատելով, որ գնահատականներն առավելապես քաղաքական էին, Հ.Մանուկյանը նշեց, տեխնիկան օգտագործվելու է նաև քրեական հանցագործությունների բացահայտման համար. «Իսկ  Ձեզ հետ համաձայն եմ սատանայի հարցով, որ կապված նրանից, թե ում տեսքով հանդես կգա, ում տեսքով քո դիմաց կկանգնի»:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս