ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը պետք է բազմապատկեն ջանքերը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Չավուշօղլու
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանն իր քաղաքականությամբ «մեկուսացման է դատապարտել» իրեն.
«Թուրքիան ու Ադրբեջանը գործադրում են բոլոր ջանքերը` տարածաշրջանի զարգացման ու բարգավաճման համար, սակայն Հայաստանը դեռևս այդ նախագծերից դուրս է:
Եթե Հայաստանը հրաժարվի իր ագրեսիվ դիրքորոշումից, ադրբեջանական տարածքներից` մենք պատրաստ ենք այդ երկրին տեսնել մեր համատեղ նախագծերում: ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը պետք է բազմապատկեն ջանքերը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:
Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան դատապարտում է «Խոջալուի սպանդը»: Մամեդարովն իր հերթին հայտարարել է, որ իրենք շարունակում են կոչեր հնչեցնել ԼՂ-ի խնդրի կարգավորման վերաբերյալ խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքները սկսելու մասին:
Չավուշօղլուն և Մամեդյարովը բանակցությունների ժամանակ քննարկել են TANAP գազատարի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագծերի իրագործման հարցը: