Ազատ Արշակյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Դա չի կոչվում պատերազմ, դա կոչվում է «պերեստրոյկա»»
«Դա չի կոչվում պատերազմ, դա կոչվում է «պերեստրոյկա»»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կոշտ ելույթին՝ ուղղված ԲՀԿ- առաջնմորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:
Նրա դիտարկմամբ՝ եթե Սերժ Սարգսյանի ելույթից հանենք ելույթի էմոցիանոլ մասը, որը ներկուսակցական համաժողովին է հատուկ, կարելի է տեսնել, թե ինչ է առաջարկում նախագահը. «Առաջարկվում էր Հայաստանի քաղաքական կյանքը քաղաքականացնել: Նա ասում էր, որ պետք է քաղաքական կյանքից դուրս մղվեն քրեաօլիգարխիկ տարրերը: Մի նախադասությամբ՝ Սերժ Սարգսյանը ձեռնարկեց Հայաստանի քաղաքական կյանքից դուրս մղել քրեաօլիգարխիկ տարրերը»:
Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա, մինչև այդ այդ քրեաօլիգարխիկ տարրերը չէ՞ր նկատում, Ա. Արշակյանը պատասխանեց, որ նկատում էր, բայց հունվարի 2-ից ՀՀ-ի կարգավիճակը փոխվել է. «Մենք դարձել ենք ԵՏՄ-ի անդամ, փոխվել է նաև մեր օրակարգը, հետևաբար՝ սա 4-րդ Հանրապետության օրակարգն է: Պետք է լինել կառուցողական, բոլոր քրեաօլիգարխիկ ուժերը պետք է հեռացվեն քաղաքական կյանքից, որովհետև մենք մտել ենք մի դաշտ, որտեղ շատ լուրջ մրցակցություն է լինելու, և այդ մրցակցությունում հարկավոր է ունենալ որակյալ, կոմպետենտ քաղաքական էլիտա, դա է հասկացրել Սերժ Սարգսյանը:
Այսինքն՝ նա դա վաղուց գիտեր, բայց այսօր Հայաստանի գլխին կախված մարտահրավերները հաղթահարելու համար՝ հարկավոր է ունենալ գործունյա, բանիմաց, ինչու չէ նաև մտավորական քաղաքական էլիտա: Ես կարծում եմ, որ դա շատ հասարակ բան է, ուղղակի ժամանակի հարցն է՝ ինչու հիմա, կարծում եմ, որովհետև հունվարի 2-ը նոր է վերջացել: Այսինքն՝ մենք հիմա ենք մտել այս քաղաքական գործընթացների մեջ»:
Հարցին էլ՝ ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել երկրի ներքաղաքական կյանքում, արդյոք ավելի բուռն ներքաղաքական կյանք է սպասվո՞ւմ, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց.
«Կարծում եմ՝ առաջ էլ էր բուռն, բայց կազմաքանդող պահ չէր, իսկ հիմա կարծում եմ՝ որքանով հաջող կլինի, որքանով կձախողվի, մեր կյանքը ցույց կտա: Կարծում եմ՝ այս ելույթի մեջ կա Սահմանադրության գաղափարախոսությունը, պետք է լինի ժողովրդավարական և իրավիճակին ադեկվատ քաղաքական կյանք Հայաստանում, դա Սահմանադրութան նախաբանն է»:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի ԲՀԿ խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով երկրում առկա խնդիրների մասին՝ քննադատել էր իշխանություններին՝ ասելով. «Հաճախ մոռանալով կամ փորձելով մոռացության տալ ճչացող սոցիալական, տնտեսական խնդիրները, իշխանություններն առաջ են քաշում արհեստածին հարցեր և օրակարգեր:
Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:
Իսկ երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը շատ կոշտ ելույթ էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ և հայտարարել որոշ քայլերի մասին: Դրան հաջորդեց Ս. Սարգսյանի հրամանը՝ Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից ազատելու մասին: