Ինչ է փոխանցել Գագիկ Ծառուկյանին Վլադիմիր Գասպարյանը
Քիչ առաջ ուշագրավ հաղորդագրություն է տարածել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը: «Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով:
ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները, և հույս է հայտնել, որ Ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չնայած այս տեղեկատվության ինտրիգային մասն առաջին հայացքից 100 հազար դոլարի խոստումն է, սակայն դրանում կա ավելի հետաքրքիր, ոչ պակաս ինտրիգային մաս: Նախ՝ փաստորեն, Գագիկ Ծառուկյանը, ով սովորություն ունի բոլորին ընդունելու սեփական հարկի տակ, ինքն է այցելել Վլադիմիր Գասպարյանին, ում հետ նրա հարաբերությունները դժվար է բարիդրացիական համարել: Բավական է հիշեցնել, որ հենց Գասպարյանի հրահանգով Ծառուկյանին նախորդ տարի ապրիլի 24-ին շարքային ոստիկանի միջոցով թույլ չտվեցին անցնել պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով: Թեև դա Ծառուկյան-Գասպարյան հարաբերություններում ընդամենը փոքր դրվագ էր, նրանց հակասություններն ավելի խորքային պատճառներ ունեն:
Ծառուկյանի այցելությունը Գասպարյանին ուշագրավ է մեկ այլ առումով ևս: ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած բռնարարքներից, ԲՀԿ-ի տարածած կոշտ հայտարարություններից ու ԲՀԿ-ականների խիստ գնահատականներից հետո հավանական էր համարվում, որ առաջիկայում ԲՀԿ-ն՝ միայնակ կամ եռյակի գործընկերների հետ, կպահանջի Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը:
Այցելելով Վլադիմիր Գասպարյանին, Ծառուկյանը, փաստորեն, ցույց է տալիս, որ նրա հրաժարականը պահանջել գոնե ԲՀԿ-ն չի պատրաստվում:
Համենայնդեպս՝ ծիծաղելի է այցելել մեկին, ում հրաժարականը պատրաստվում ես պահանջել մի քանի օր հետո: Առավել ևս, երբ այդ հանդիպման ժամանակ Ծառուկյանը «հույս է հայտնել, որ Ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար»:
Ի դեպ, պատահական զուգադիպությամբ՝ Ծառուկյանը ոստիկանապետին է այցելել հատկապես այսօր, երբ սպասվում է ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հայտարարելու է սահմանադրական փոփոխությունների գնալու մտադրության մասին: Բացի այդ, այսօր, նույնքան պատահական զուգադիպությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Հանրապետականում նոր դիրքորոշում է «եփվում» ԲՀԿ-ի նկատմամբ, որը կհրապարակվի այսօր երեկոյան կայանալիք նիստից հետո:
«Մենք կունենանք միասնական դիրքորոշում և այդ դիրքորոշումը ձեզ հայտնի կդառնա, առհասարակ ԲՀԿ-ի հետ կապված և առհասարակ ներքին քաղաքականության հետ կապված: Այդ դիրքորոշումը եփվում է և քննարկվում է, և լինելու է, բնականաբար, կարծիքների ազատ արտահայտման հնարավորություն, և կկայացվի որոշում… Հայաստանի Հանրապետական կուսակցության աչքից չի վրիպում ոչ մի երևույթ և հայտարարություն Հայաստանի ներքաղաքական կյանքում, և բոլոր հրապարակային հայտարարությունները, ինչպես նաև վարչապետը շեշտեց՝ անվանական ուղղելով քննադատության և նախազգուշացման նետերը դեպի կոնկրետ քաղաքական գործիչների, բնականաբար, ոչ մի բան անպատասխան և անհետևանք չի մնում»,- ասել է Աշոտյանը:
Բացառված չէ, որ Վլադիմիր Գասպարյանը Ծառուկյանին է փոխանցել այդ դիրքորոշման «կիսաեփ» տարբերակը: Համենայնդեպս, ԲՀԿ նախագահի մամլո խոսնակի տարածած հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, թե Ծառուկյանի այցելության ընթացքում ինչ է խոսել Վլադիմիր Գասպարյանը:
Ինչ վերաբերում է 100 հազար դոլար պարգևավճարին, ապա դրա մասին հայտարարելը շատ ավելի ազդեցիկ կլիներ, եթե «չկցվեր» Վ. Գասպարյանին Գ. Ծառուկյանի այցելության մասին պատմող հաղորդագրությանը: Իսկ այսպես տպավորություն է ստեղծվում, որ նպատակը Վլադիմիր Գասպարյանին այցելելու մասին տեղեկությունից ուշադրություն շեղելն է: Իսկ թե ինչու է ոստիկանապետին ԲՀԿ նախագահի այցի մասին տեղեկատվություն տարածվել, եթե դա այնքան էլ ցանկալի չէ Ծառուկյանի համար, կարելի է միայն ենթադրել: