Վահրամ Բաղդասարյան. «Ծառուկյանի ելույթում քննադատական և խիստ հարցադրումներ չեն եղել»

Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում հնչած ելույթների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը տվել է մեկնաբանություն, հարցը կքննարկվի նաև առաջիկա ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Այս մասին այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ կարդացել է Ծառուկյանի ելույթը և դրանում քննադատական և խիստ հարցադրումներ չեն եղել. «Մենք չենք կարող բոլոր ելույթներին պատասխան տալ, ընդհանուր գնահատական կտանք»:

Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված հայտարարված ժամկետները մոտենում են, քննարկումներից հետո վերջնական առաջարկություններ կլինի:

«Իսկ գնդակն ուզում եք ձե՞ր դաշտում լինի: Ցանկացած երկրում գնդակը իշխանության դաշտում է և իշխանությունը կայացնում է որոշումներ՝ ի նպաստ երկրի շահի,- ասաց Բաղդասարյանն ու հավելեց,- ԲՀԿ-ի մարտավարությունը այն է, որ պատրաստվում են 2017 թվի խորհրդարանական ընտրություններին, իսկ թե քաղաքական դաշտի վերադասավորում կլինի՞, դա ձեր որոշելիքն է, ժողովո՛ւրդ: Բնական է, որ եթե պատրաստվում ենք սահմանադրական փոփոխության, ընտրությունների, որոշ փոփոխություններ կլինեն, իսկ դա որոշողը ժողովուրդն է»:

Տեսանյութեր

Լրահոս