Բաժիններ՝

Մինչև հաջորդ հետաձգում

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) համար փաստաթղթավորման պահանջը հետաձգվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ սա այս պահանջի արդեն երկրորդ հետաձգումն է. առաջին անգամ այն հետաձգվեց մինչև այս տարվա փետրվարի 1-ը, սակայն փոքր և միջին ձեռնարկատերերի կազմակերպած բողոքի ակցիաների արդյունքում կառավարությունը գնաց օրենքի կիրառումը հերթական անգամ հետաձգելու քայլին:

Այս հարցում կառավարությանը բացահայտ և ոչ բացահայտ աջակցեցին նաև ոչ իշխանական ուժերը, որոնք նախ՝ հայտարարեցին այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին, ապա հանդիպելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հայտարարեցին արտահերթ նիստի հրավիրումը հետաձգելու մասին: Մի խոսքով, այս հարցն օգտագործվեց իշխանության և ոչ իշխանության միջև հարաբերությունների հերթական «ճշգրտման» համար, և բացառված չէ, որ առաջիկայում մենք ականատես կլինենք դրանից բխող քայլերի: Օրենքի այս հնգամսյա հետաձգումը վկայում է նաև այլ՝ ավելի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին:

Պետությունը, կառավարությունը, ըստ էության, ապրում, աշխատում է «մի քիչ էլ ձգենք, մինչև տեսնենք՝ գլխներիս ինչ ա գալիս» սկզբունքով: Փոքր և միջին ձեռնարկատերերն ընդամենը հինգ ամիս շունչ կքաշեն փաստաթղթավորման պահանջից, բայց ի՞նչ է լինելու հուլիսին 1-ին և դրանից հետո: Կրկին բողոքի ակցիաներ ու կրկին այդ պահանջի հետաձգո՞ւմ: Մինչև ե՞րբ:

Լուսանկարը՝ Ամալի Խաչատրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս