ԼԺՀ-ի ուժերն առաջին ավիահարվածն են հասցրել ուկրաինական բանակին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ուժերն առաջին անգամ ավիահարված են հասցրել ուկրաինացի զինվորականներին: Այս մասին հայտնել է ԼԺՀ-ի ուժերի շտաբը:
Су-25 տիպի գրոհիչ ինքնաթիռը հարձակում է գործել ուկրաինական բանակի ավտոշարասյան վրա: Շտաբն ընդգծել է, որ հարձակման թիրախում են գտնվել զրահամեքենաներն ու բեռնատարները՝ կենդանի ուժով: Կորուստների մասին ստույգ տեղեկատվություն չկա: Ենթադրվում է, որ ռազմական տեխնիկան ու զինծառայողներին փոխադրում էին Դեբալցովո:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի այդ ինքնաթիռը ԼԺՀ-ի ուժերի տրամադրության տակ հայտնվել է 2014 թվականի հուլիսին, երբ նրա օդաչուն ինքնաթիռի խոցումից հետո հարկադիր վայրէջք է կատարել ԼԺՀ-ի ուժերի վերահսկողության տակ գտնվող գոտում: Վերանորոգումից հետո Су-25-ն ընդգրկվել է ԼԺՀ-ի զինված ուժերի կազմում: