Բաժիններ՝

Փրկե´ք Նոր Ուկրաինան. The New York Times-ում Ջորջ Սորոսի ու Բեռնար Անրի Լևիի հոդվածը

Հունվարի 27-ին ամերիկյան The New York Times  թերթում հրապարակվել է հանրահայտ ֆինանսիստ ու բարերար Ջորջ Սորոսի ու փիլիսոփա Բեռնար Անրի Լևիի «Փրկե´ք Նոր Ուկրաինան» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Նոր Ուկրաինան ծնվել է մեկ տարի առաջ` եվրոպամետների բողոքի ակցիաների արդյունքում, որոնք օգնեցին իշխանությունից հեռացնել նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Եվ Մայդանում` Կիևի Անկախության հրապարակում, հավաքված հարյուր հազարավոր մարդկանց ոգին ներկայումս ավելի ամուր է, քան երբևէ, անգամ եթե նա գտնվում է Ուկրաինայի արևելքի անջատողականներին աջակցող ռուսական ուժերի անմիջական ռազմական հարձակման ներքո:

Նոր Ուկրաինան ձգտում է դառնալ Հին Ուկրաինայի հակապատկերը: Դրա համար նրան անհրաժեշտ է օգնություն և առաջին հերթին ֆինանսական: Ուկրաինայի վերափոխումը ժողովրդավարության պատմության մեջ հազվադեպ փորձ է:

Այն ուշագրավ է նրանով, որ խնդիրը ոչ միայն Ռուսաստանի ուղիղ ռազմական ագրեսիայից Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության մեջ է, այլև` հասարակության ներսում կառուցողական աշխատանքներ տանելու մեջ:

Մայդանի ակտիվիստներն ընդդիմադիր գործունեությունից անցում են կատարել ազգի կառուցմանը: Նրանցից շատերը, որոնք ներկայացված են կառավարությունում ու խորհրդարանում, կամավոր թողել են լավ վարձատրվող իրենց աշխատատեղերը` պետությանը ծառայելու համար:

Ուկրաինայի ֆինանսների նոր նախարար Նատալիա Յարսեսկոն` նախկինում ներդրող բանկիր, ներկայումս ամսական վաստակում է ընդամենը մի քանի հարյուր դոլար: Չնայած քաղաքացիների անձնազոհությանը` Նոր Ուկրաինան բախվում և բախվելու է Հին Ուկրաինայի սպառնալիքներին, ով մեծապես թաղված էր բյուրոկրատիայի մեջ, ինչն էլ իր հերթին ձեռնտու էր օլիգարխներին:

Ուկրաինացի բարեփոխիչներն ունեն առավել լուրջ սպառնալիք` հաձինս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ով ցանկանում է ամեն գնով ապակայունացնել Ուկրաինան: Եվ վերջապես, այս Նոր Ուկրաինան դեռ քիչ հայտնի է ինչպես աշխարհում, այնպես էլ` իր երկրի սահմաններում:

Ժամանակակից Ուկրաինան անիմաստ է համեմատել 2004 թվականի Վրաստանի հետ: Երբ այդ երկիրը գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին, նա ձերբազատվեց պետավտոտեսչության ատելի աշխատակիցներից, ինչպես նաև նրանց ամրակետերից, որոնք օգտագործվում էին վարորդներից դրամաշորթության (կաշառք) համար:

Վրաստանի քաղաքացիներն անմիջապես հասկացան, որ իրավիճակը փոխվել է դեպի լավը: Դժբախտաբար, Ուկրաինան ցայժմ չի իրականացրել նմանատիպ ցուցադրական նախագիծ: Ակնկալվում է կիևյան ոստիկանության վերափոխում, սակայն եթե դուք ունեք իրավունքներ, ամեն դեպքում դեռ հարկադրված կլինեք վճարել կաշառքներ, ինչպես որ նախկինում էր:

Սաակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, որը սկզբնական շրջանում արմատախիլ արեց կոռուպցիան, սակայն վերջին հաշվով այն վերածեց պետական մենաշնորհի: Համեմատության համար Ուկրաինան` իր ուղիղ ժողովրդավարությամբ, չի ղեկավարվում միանձնյա, նրանում գործում է զսպման ու հակակշիռների համակարգը:

Նման պետությունների համար ավելի ծանր է ստացվում վերելքը, սակայն երկարաժամկետ շրջանում դա կարող է լինել առավել հաջող: Հարցն այն է, թե կգրանցվի երկարաժամկետ այդ շրջանը: Չնայած խորը ճգնաժամին, որում գտնվում է Ռուսաստանը` Պուտինը, կարծես թե, համոզված է, որ կարող է Նոր Ուկրաինան ոչնչացնել ավելի շուտ, նախքան նա կկանգնի ոտքի:

Դրա համար էլ Պուտինն ուժեղացնում է Կիևի վրա ռազմական ու ֆինանսական ճնշումը: Հանգստյան օրերին ռուսական զորքերի աջակցությունը վայելող խմբավորումները հարձակվել են Մարիուպոլի վրա: Մարիուպոլի վրա հարձակումը տեղ չի թողնում մտածելու, որ Դոնբասի զինյալները գործում են ինքնուրույնաբար:

Ուկրաինան ռազմական պլանում կարող է պաշտպանել իրեն, սակայն նա ունի ֆինանսական օգնության կարիք: Անհապաղ օգնության ծավալը կազմում է 15 միլիարդ դոլար, իսկ հետո` հավելյալ օգնություն` կախված ռուսական հետագա ագրեսիայի աստիճանից ու Ուկրաինայում բարեփոխումների հաջողությունից:

Դժբախտաբար, ԵՄ-ն ավելի դանդաղ ժողովրդավարություն է, քան` Ուկրաինան, և Պուտինն օգտվում է դրանից: Խաղաքարտի վրա դրված է ոչ միայն Ուկրաինան, այլև` ԵՄ-ը: Ուկրաինայի կորուստը կործանիչ հարված կհանդիսանա ԵՄ-ի համար. դա զգալիորեն կուժեղացնի Ռուսաստանն ու այն այլընտրանքը, որը Ռուսաստանն առաջարկում է ԵՄ-ի փոխարեն` հենված ոչ թե օրենքի գերակայության, այլ` ուժի թելադրանքի վրա:

Եթե ԵՄ-ն Ուկրաինային հատկացնի այդչափ անհրաժեշտ ֆինանսական օգնություն, ապա Պուտինը հարկադրված կլինի նահանջել: Բարգավաճող Ուկրաինան կլինի այն ցուցիչը, որ Ռուսաստանի ներկայիս տնտեսական խնդիրների պատճառը հենց Պուտինի քաղաքականությունն է, և ոչ թե Ռուսաստանի վրա Արևմուտքի ճնշումը:

Եվրոպան պարգևի տեսքով կստանա Նոր Ռուսաստան, որը պոտենցիալ ռազմավարական սպառնալիքից կվերածվի պոտենցիալ ռազմավարական գործընկերոջ: Այդպիսին են այս խաղի խաղադրույքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս