Բաժիններ՝

Արտակ Խաչատրյանը՝ «Շրջհարկի մասին» օրենքի հետաձգման մասին. «Շատ լավ կլինի, որ սա չլինի ժամանակ շահելու հերթական ձև»

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությանն այսօր արտահերթ նիստում քննարկել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների մասին հարցը։ Այդ փոփոխություններով՝ ՓՄՁ ոլորտի առևտրականների պարտադիր փաստաթղթավորման պահանջը փաստացի հետաձգվում է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը։ Օրենքի համապատասխան փոփոխությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնությունը և մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ էին անցկացնում ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի: Նրանք դեմ են պարտադիր փաստաթղթավորմանը, ինչը նախատեսված է օրենքով, և նախընտրում են աշխատել 1 %-ի փոխարեն՝ 3.5 % հարկեր վճարելով՝ առանց փաստաթղթավորման:

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել էր ակցիայի 15 մասնակիցների և լսել նրանց պահանջը՝ խոստանալով պատասխան տալ երկուշաբթի օրը՝ ժամը 18:00-ին: Սակայն այսօր արդեն ՀՀ կառավարությունը հայտարարեց օրենքում փոփոխություններ կատարելու իր նախաձեռնության մասին:

168.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը՝ խոսելով կառավարության հիշյալ որոշման մասին, ասաց՝ և՛ լավ բան է, և՛ վատ.

«Լավ է այնքանով, որ, ի վերջո, թեկուզ ժողովրդի ճնշման տակ՝ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստեցին, թեկուզ տրվեց ժամանակավոր լուծում: Բայց սա հարցի վերջնական լուծում չէ: Շատ լավ կլինի, որ սա չլինի ժամանակ շահելու հերթական ձև»,- պատասխանեց Ա.Խաչատրյանը:

Հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հոկտեմբեր ամսին էլ բողոքի ակցիաների արդյունքում կառավարությունը հետաձգեց օրենքը մինչև փետրվար, բայց այդ ընթացքում ոչինչ չփոխվեց, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս անգամ, Ա. Խաչատրյանն այսպես պատասխանեց.

«Ակնկալելը շատ սուբյեկտիվ է: Ես իրականում ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չի բացառվում, որ հոկտեմբերի հետաձգման սցենարը կիրառվի, բայց նաև չի բացառվում, որ կառավարությունն, ի վերջո, ինչ-որ բան հասկացած լինի ու հաշվի նստի այդ ամեն ինչի հետ, փորձի ինչ-որ այլ տարբերակների գնալ»:

Մենք նաև հետաքրքրվեցին, թե «Կասեցում» նախաձեռնության հետագա քայլերը որո՞նք են լինելու: Նա պատասխանեց, թե որևէ կոնկրետ բան ասել չի կարող, որովհետև դա ամենաուղիղ ձևով կապված է ժողովրդի տրամադրվածության և ժողովրդի պահանջների հետ:

Հիշեցնենք նաև, որ նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ երկուշաբթի օրը ժամը 11-ին հավաքվելու են ԱԺ-ի մոտ, իսկ ժամը 18:00-ին՝ կառավարության շենքի մոտ՝ վարչապետի պատասխանը լսելու: Ա. Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք որևէ բան փոխվե՞լ է իրենց ծրագրերում, հավաքները կայանալո՞ւ են, թե՞ ոչ՝ հաշվի առնելով կառավարության այսօրվա որոշումը:

Նա պատասախանեց, որ ինքն անձամբ երկուշաբթի օրը ներկա է լինելու հավաքներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս