Առևտրականների՝ պարտադիր փաստաթղթավորման պահանջը փաստացի կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը
ՀՀ Կառավարության պաշտոնական e-gov.am կայքում, որտեղ ներկայացվում են կառավարության նիստերի օրակարգերը, տեղ է գտել մի հետաքրքիր կետ։ Ըստ այդ կետի՝ այսօր նախատեսվում է կառավարության նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները։
Ըստ այդմ, ՓՄՁ ոլորտի առևտրականների պարտադիր փաստաթղթավորման պահանջը փաստացի հետաձգվում է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը։ Օրենքի համապատասխան փոփոխությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։
Նշենք, որ այս պահին դեռ տեղեկատվություն չկա, որ կառավարությունը արտահերթ նիստ է անցկացրել։ Սակայն, ըստ ամենայնի, շուտով կլինի հաղորդագրություն այն մասին, որ նիստը եղել է և կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
* * *
Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա: